Բոլորին վաղուց հայտնի է Սոֆյա ռոբոտը, որը համարվում է ամենախելացի ռոբոտն աշխարհում և անգամ Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն է ստացել: Սակայն գիտնականները այս հաջողություններով չեն սահմանափակվել և ստեղծել են Ֆրենկին՝ բիոռոբոտ-տղամարդուն, որի յուրահատկությունը միայն հումորի զգացում ունենալով չի ավարտվում: Այս ռոբոտը մարդու նման է. ունի սիրտ և արյունատար համակարգ:

Ֆրենկին ստեղծել է դոկտոր Բերթոլդ Մեյերը՝ առաջին մարդը, որն ունեցել է բիոնիկ ձեռք. նա ծնվել էր առանց մեկ վերջույթի: Հավանաբար, հենց դա էլ ոգեշնչել է Մեյերին՝ ստեղծելու այդպիսի բիոռոբոտ:

 

Ռոբոտը ոչ միայն բիոնիկ ձեռքեր ունի, այլև ներքին օրգաններ՝ արհեստական, սակայն լիովին համապատասխանեցված իրականին բժիշկների և գիտնականների կողմից: Գիտության շնորհիվ հնարավոր է եղել մարդու մարմնի մասերը փոխարինել արհեստականներով և Ֆրենկին տալ սիրտ, երիկամներ, փայծաղ, թոքեր և անգամ վահանաձև գեղձ: Իհարկե, գիտնականները ցանկանում էին նաև ուղեղ տալ նրան, սակայն դա գիտական աշխարհի համար դեռևս շարունակում է անհնար երևույթ մնալ: Առայժմ ուղեղի փոխարեն ռոբոտն ունի համակարգչային միկրոսխեմաներ, որոնք կառավարում են Ֆրենկի բոլոր գործողությունները Bluetooth–ի միջոցով:

Ֆրենկին հանրությանն են ներկայացրել աշնան վերջին Վաշինգտոնի Սմիթսոնյան ինստիտուտում: Աշխարհի առաջին բիոռոբոտի ստեղծմանը մասնակցել է մի ամբողջ խումբ, որի անդաների պնդմամբ ապագայում Ֆրենկին ժամանակակից փոփոխություններ են սպասվում: 

Ֆրենկը միջին-վիճակագրական տղամարդու նման կշռում է 77 կգ և ունի 183 սմ հասակ: Դեմքն իրականից գրեթե չի տարբերվում և ունի հենց նախագծի հեղինակի՝ Բերթոլդ Մեյերի տեսքը: Սակայն բիոռոբոտը դեռևս չի կարողանում շարժել դեմքը և էմոցիաներ արտահայտել , քանի որ պատրաստված է սիլիկոնից: Ֆրենկին ոչ միայն իրեն ստեղծողի դիմագծերն են տվել, այլև նույնպիսի բիոնիկ ձեռքեր, որոնք այսօր լավագույնն են համարվում աշխարհում: Ռոբոտը կարողանում է շնչել, շրջել գլուխը և նայել զրուցակցի դեմքին:

Բիոռոբոտն ունի մարմնի ընդամենը 28 արհեստական մաս, զարկերակներ և երակներ՝ արհեստական արյունով, իսկ սիրտը բաբախում է՝ ինչպես իրականը: Այն քայլում է և իրեն ներկառուցված պրոցեսորների ու սենսորների միջոցով տեսնում շուրջը գտնվող ամեն բան: Ռոբոտը կարողանում է խոսել և անգամ աչքի է ընկնում հումորի զգացումով: Նրան խոսել օգնում են Neospeech և տեքստը խոսքի վերածող համակարգչային ծրագրերը:

Ի սկզբանե ռոբոտը ստեղծվել է գիտական նվաճումներին նվիրված հատուկ վավերագրական ֆիլմի համար: Մշակողները նպատակ ունեին հասկանալու՝ որքան հեռու են հասել բիոտեխնոլոգիաները, և ինչ կլինի, եթե հավաքեն բոլոր մասերը և տեղադրեն մեկ ռոբոտի մեջ: Դատելով արդյունքներից՝ ռոբոտը բավականին հաջող է ստացվել: Ոողջ աշխատանքի համար ծախսվել է մոտ 1 միլիոն դոլար:
Ֆրենկն այժմ գտնվում է թանգարանում, սակայն նրա ապագան դեռևս անորոշ է: Ռոբոտին, միգուցե, հասցնեն կատարելության կամ, բաժանելով մասերի, ստեղծեն ավելի տպավորիչ ռոբոտ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել