«Բոլորը հիշում են Նիկոլ Փաշինյանի ջղաձգված լայվերը և հարցազրույց-հանձնարարականները, երբ իր ղեկավարած կառավարության տնտեսական քաղաքականության հիմնական ձախողումները նա կապում էր նաև հսկիչ-դրամարկղային (ՀԴՄ) կտրոնների հետ և ազդարարում այդ մասով հերթական «աշխարհացունց», հեղափոխական բարեփոխումների մասին, և որպես տնտեսական թռիչքի նշան՝ մատնանշում աննախադեպ աճող ՀԴՄ-ների թիվը:

Բայց այն, որ Պետեկամուտների կոմիտեի կողմից ՀԴՄ ակտեր չտալու համար նշանակ­ված տուգանքների արդյունքում բիզնեսները սնանկանում կամ անգամ փակվում էին, դա Նիկոլ Փաշինյանին, ինչպեսև շատ ու շատ այլ կարևոր հարցեր, հետաքրքիր չէին: Սակայն, որպես պրոֆեսիոնալ, իր գործի գիտակ մարդ այդ հարցը, բնականաբար, մտահոգել էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թա­թոյանին:

Դեռևս 2019 թ. Մարդու իրավունքների պաշտ­պան (ՄԻՊ) Ա. Թաթոյանը դիմել էր Սահմանա­դրական դատարան (ՍԴ) Հարկային օրենս­գրքով սահմանված ՀԴՄ կիրառման կանոննե­րը խախտելու համար տուգանքների աննա­խադեպ բարձր լինելը և խտրական կարգավո­րումները հակասահմանադրական ճանաչելու հարցով, այն հիմնավորմամբ, որ չի ապահո­վում տնտեսական և ձեռնարկատիրական գոր­ծունեությամբ զբաղվելու երաշխավորման սահմանադրական պահանջը, ինչը հանգեց­նում է տնտեսական, ներառյալ ձեռնարկատի­րական գործունեությամբ զբաղվելու սահմա­նադրական իրավունքի նկատմամբ անհամա­չափ միջամտության հարկային մարմինների կողմից:

Մասնավորապես, օրենքով հարկային մարմ­նի համար նախապես կանխորոշված են տուգանքների չափերը, որոնցից որևէ բացառու­թյուն չի կարող արվել, օրինակ, տուգանքները նշանակվում են առանց անհատականացման, տարբերություն չկա՝ այդ խախտումը կատար­վել է օրական հարյուր միլիոնավոր դրամների շրջանառություն ունեցող սուպերմարկետո՞ւմ. թե՞ հեռավոր գյուղերից մեկի կրպակում, դրանք չեն նշանակվում հիմք ընդունելով ձեռ­նարկատիրական գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտի շրջանառության ծա­վալը: Առաջին անգամ իրավախախտումը հայտնաբերելիս տնտեսական գործունեու­թյուն իրականացնող սուբյեկտի նկատմամբ կիրառվում է տուգանք անկախ խախտումը կատարելու օբյեկտիվ կամ սուբյեկտիվ գոր­ծոններից: Ըստ ՄԻՊ-ի՝ խնդրահարույց է նաև տուգանքի չափերի բարձր լինելը, ինչը նորա­բաց և/կամ փոքր կազմակերպությունների, ի տարբերություն տարիներ շարունակ գործող և մեծ կազմակերպությունների, դնում է տնտեսա­կան դժվար կացության առաջ, իսկ որոշ տնտեսվարող սուբյեկտների համար այն հանգեց­նում է ընդհուպ մինչև ձեռնարկատիրական գործունեության դադարեցման: Տարբերակում չի դրվում ՀԴՄ կտրոն չի տրվել 10 դրամանոց լուցկո՞ւ, թե՞ մեկ միլիոն դրամանոց կահույքի համար:

Մինչ ՍԴ-ի կողմից որոշում կայացնելը, ՄԻՊ- ն իր այդ դիմումը հետ վերցրեց, քանի որ կառավարության հետ ձեռք էր բերվել պայմանա­վորվածություն, որ հռչակված բարեփոխումներով արագ լուծում կտրվի այս հարցին: ՄԻՊ-ը հետագայում, սակայն, հայտարարեց, որ հաշվի առնելով, որ դրանից հետո կառավարությունը չի ընդունել, որ առկա է սահմանադրականու­թյան խնդիր, ու այդպիսով փոփոխություններ չեն իրականացվել, նորից 2020 թ. դեկտեմբե­րին, դիմեց ՍԴ հաշվի առնելով, որ խնդիրը շարունակում է մնալ արդիական: Այդ դիմումով ՍԴ-ում դատաքննությունը նշանակվել է ս.թ. ապրիլի 27-ին:

Հատկանշական է, որ համանման հարցով նախորդ տարվա օգոստոսին ՍԴ է դիմել նաև վարչական դատարանը, որով դատաքննու­թյունը, ինչպես բազմաթիվ այլ գործերով, օրեն­քով սահմանված կարգը և ժամկետները խախ­տելով, մի շարք հետաձգումներից հետո, ի վեր­ջո, նշանակվել է ս.թ. փետրվարի 16-ին:

Հաշվի առնելով, որ վեճի առարկան նույնն է, համանման հարցերով ՍԴ-ն գործերը միավորում և քննում է միաժամանակ: Այս դեպքում մի­տումնավոր դա չի արվել: Սկզբում կարող էր թվալ, թե դա բացթողում է, բայց այս գործերի քննության հետագա ընթացքը ցույց է տալիս, որ գործընթացը հրահանգավորվում ու կառա­վարվում է այս դեպքում կառավարությունից, իսկ ՍԴ ղեկավար Արման Դիլանյանը հլու-հնազանդ կատարում է Նիկոլ Փաշինյանի, իսկ տե­ղում ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի հրահանգ­ները: Հետագա ընթացքը, ըստ էության, ցույց է տալիս դրա իրական նպատակը:

Մեր աղբյուրները հայտնում են, որ մինչև նա­խորդ անգամ ՄԻՊ-ի կողմից իր դիմումի հետ վերցնելը, ՍԴ-ում մշակված է եղել այդ հարցով որոշման նախագիծը, որով նախատեսվել է այդ դրույթների հակասահմանադրական ճանաչե­լը: Հաշվի առնելով, որ թե այն, թե այս դեպքում զեկուցող դատավորը նույնն է եղել Աշոտ Խա­չատրյանը, վերջինս ներկայացրել է նույնաբո­վանդակ նախագիծ, որից հետո ՍԴ-ում եղել է աննախադեպ մի բան. ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, ըստ էության, ստիպել է Աշոտ Խա­չատրյանին, իր կամքին հակառակ, շրջանա­ռության մեջ դնել միաժամանակ երկու նախա­գիծ, իրարից 180 աստիճան տարբերվող մեկով այդ դրույթները ճանաչվում են հակասահմա­նադրական, մյուսով սահմանադրական: Փաշինյանի կատարածու, ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արման Դիլանյանը, Վա­հե Գրիգորյանի ղեկավար ցուցումներով, սկ­սում է փետրվարի 16-ի վարչական դատարան դիմումի գործով զեկուցող ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանին (որը նաև ՄԻՊ-ի դիմումով է զե­կուցող) պարտադրել փոխել իր կարծիքը և դնել շրջանառության մեջ նախագիծ, որ ՀԴՄ կիրառման կանոնները խախտելու համար տուգանքների մասով Սահմանադրության հետ կապված ոչ մի խնդիր չկա:

Եթե վարչական դատարանի դիմումի հիման վրա կատարածու Արման Դիլանյանին հաջողվի պետականակործան հեղափոխության ծնունդ ՍԴ անօրինական և հլու դատավորների ձայների շնորհիվ այդ որոշումն ընդունել, ապա մի զար­կով երկու խնդիր կլուծվի, նախ արդարացվում է կառավարության ձախողված բարեփոխում կոչ­վածը՝ ապահովելով Փաշինյանի, իր սեփական շահերից ելնելով, ՀԴՄ կտրոնների տեռորով ձեռ­նարկատիրական գործունեությամբ զբաղվողնե­րին կանոնները թելադրելու և իրեն «հնազան­դեցնելու» քաղաքականության բնականոն ըն­թացքը: Երկրորդ այդ որոշմամբ կանխորոշվում է նաև ՄԻՊ-ի նույն հարցով դիմումի ելքը՝ այն տա­նելով կարճման՝ դրանով իսկ հաճոյանալով Փաշինյանին, որն իրեն ոխերիմ թշնամի է հռչա­կել անկախ, գրագետ և անաչառ գործող ՍԻՊ Արման Թաթպանին և սկսել նրա դեմ «խաչակ­րաց արշավանք»:

Պատճառներից մեկը հստակ քաղաքական է. Արման Թաթոյանը հասարակության և միջազ­գային կազմակերպությունների հետ հարաբե­րություններում բավական բարձր վարկանիշ ունի և մեծ հարգանք է վայելում, տարբեր սոցհարցումներով, այդ թվում՝ ՀՀ-ում գործող դիվանագիտական կառույցների կողմից արված հարցումներով, նրա վարկանիշը շատ բարձր է, և Փաշինյանն ու նրա թիմը կազմակերպված և ուղղորդված ստահոդ հարձակումներով ամեն կերպ փորձելու են վնասել Թաթոյանին:

Ինչ վերաբերում է ՀԴՄ տուգանքներ վճարող տնտեսվարողներին, ապա նրանց միայն կարե­լի է շնորհավորել, եկել է իրենց սրտի Սահմա­նադրական դատարանը, որն իրենց կաշին Նիկոլ Փաշինյանի հետ միասին «քերթում է»: Վս­տահ ենք, որ ՀԴՄ տուգանքներ նշանակվելու են ինչպես ՍԴ-ն շրջապատող քաղաքացիների, ՍԴ-ն ապօրինաբար գրաված պատգամավոր­ների հարազատների, այդպես էլ Փաշինյանի համար ճանապարհ փակած հազարավոր քա­ղաքացիների վրա»,-գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել