Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Տելեգրամի» իր ալիքում գրառում է արել, որում նշում է, որ Իրանի արտգործնախարարը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նրան հասկացրել է, որ ՀՀ իշխանությունների միջակ քաղաքականությունը հանգեցրել է տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական համակարգի փլուզմանը։ Գրառման մեջ ասվում է․

«Վերջերս հանդիպել եմ իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի հետ: Նա պատմել է, որ «ոչ մամուլի համար» հատվածում Իրանի արտգործնախարարը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հասկացրել է, որ Հայաստանի իշխանությունների միջակ քաղաքականությունը հանգեցրել է տարածաշրջանում գոյություն ունեցող աշխարհաքաղաքական համակարգի փլուզմանը, բոլոր հաստատված դասավորվածությունների փոփոխմանը՝ Ադրբեջանին (և նրա դաշնակիցներին) հնարավորություն տալով առաջ գնալու բոլոր ուղղություններով: Եվ ամենապարադոքսալն այն է, որ Իրանը դադարել է ցամաքային սահման ունենալ Հայաստանի հետ՝ բառի դասական իմաստով: Այսուհետ Իրանից Երևան գնացող ճանապարհի հատվածը Սյունիքում վերահսկում են ոչ թե հայ զինվորները, այլ ռուս և ադրբեջանցի: Ավելին, նախարարը նախատել է հայաստանյան կառավարությանը տարածաշրջանային ողջ հավասարակշռությունը խախտելու համար, ինչի արդյունքում պանթյուրքիզմը կսկսի յոթմղոնանոց քայլերով ցատկել տարածաշրջանում:

Իրականում այսօր մենք շարունակում ենք ապրել երեք զուգահեռ իրականություններում: Դե-յուրե իրականությունը ձևավորվել է պատերազմից հետո ստեղծված աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիայի շրջանակներում: Դե-ֆակտո իրականությունն ամեն օր տեղի է ունենում Արցախում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին: Երրորդ իրականությունը հասանելի է միայն Նիկոլին: Հենց նրա գլխում է հաստատվել այդ իրականությունը՝ բանավոր պայմանավորվածություններով, ոչ պաշտոնական շփումներով, իր ստանձնած պարտավորվածություններով, ամեն տեսակի խաբեբաներով, մեր երկրի և պետականության կործանման շարունակական գործընթացով, որոնք Նիկոլը վարպետորեն առաջ է տանում ժողովրդի մեջքի հետևում:

Այդ երեք իրականությունները մերթ հատվում են, մերթ՝ բաժանվում: Սակայն փաստն այն է, որ մենք այդպես էլ չենք շրջել մեր պարտությունների էջը: Մենք դեռ պետք է մարսենք պատերազմի հետևանքները, Նիկոլի աններելի սխալներն ու հասկանանք, թե ուր և ինչպես առաջ շարժվել: Մենք դեռ պետք է տեսնենք, թե ինչպես է վերակազմավորվելու մեր տարածաշրջանը և փորձենք մեր նոր տեղը գտնել այնտեղ: Թե ինչպիսն այն կլինի, եթե Նիկոլը մնա իշխանության գլխին, բոլորս արդեն կարող ենք լավ պատկերացնել»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել