NEWS.am STYLE-ը գրում է.

Երգչուհի Ջուսը չի բավարարվել երկու տարի առաջ մեջքին արված խոշոր դաջվածքով եւ որոշել է կոնքերի հատվածը եւս զարդարել գունեղ ու ծավալուն պատկերներով: Իր նոր դաջվածքը Ջուսը ցուցադրել է սեքսուլ ֆոտոշարքով, որն իրականացրել է ոճաբան Սերժ Հարությունյանի եւ լուսանկարիչ Գեղամ Մկրտչյանի հետ միասին: Ջուսը նոր լուսանկարները տրամադրել է NEWS.am STYLE-ին ու խոսել դաջվածքի եւ իր համարձակ քայլերին ուղղված հանրային քննադատության մասին:

«Ես արդեն մեջքիս ունեմ մեծ, էկզոտիկ դաջվածք, որն արել եմ երկու տարի առաջ վարպետ Լեւոն Ավետիսյանի մոտ: Երբ դրանից հետո ինձ հարցնում էին՝ արդյոք կլինե՞ն այլ դաջվածքներ, պատասխանում էի՝ ոչ, քանի որ մեջքիս դաջվածքն արդեն իսկ մեծ է: Բայց երկու տարի անց հասկացա, որ կոնքերիս հատվածում եւս ուզում եմ ունենալ դաջվածքներ, ու անպայման մեկ կողմում՝ բարոկկո ոճի մեջ»,-նշում է երգչուհին,- «Մտահաղացումն իմն էր: Ես ասում եմ Լեւոնին, թե ինչ եմ ուզում, նա էլ ինձ խորհուրդ է տալիս: Դաջվածքի մեջ ամեն մանրուք ունի իր նշանակությունը. ազատություն, գեղեցկություն, երիտասարդություն, ուժ, հաջողություն, սեր, հարստություն՝ սա է պատկերված իմ մարմնին»,-հավելում է նա:

Հարցին՝ արդյոք կոնքերին դաջվածք ունենալը «պատրավորեցնելո՞ւ է» երգչուհուն այսուհետ ավելի կարճ զգեստներով ներկայանալ բեմին, նա պատասխանեց.

«Դուք ամբողջությամբ կռահեցիք այն, ինչ ես ցանկանում էի իրագործել: Դաջվածքները գեղեցիկ զգեստների համադրությամբ՝ բեմին շատ յուրահատուկ եւ գրավիչ են նայվում»:

Ջուսի համար սովորական են դարձել հանրային քննադատությունն ու բացասական արձագանքն իր համարձակ քայլերի հանդեպ. անդրադառնալով նմանօրինակ մեկնաբանություններին՝ նա ասում է.

«Առաջ բարկանում էի, իսկ հիմա ամեն ինչին շատ թեթեւ եմ նայում եւ վերաբերվում եմ հումորով: Եթե քեզ քննադատում են, ուրեմն՝ դու հետաքրքիր ես»:

Դիտարկմանը՝ արդյոք մտավախություն չունի՞, որ հնարավոր է՝ ապագայում փոշմանի մշտական դաջվածք ունենալու համար, երգչուհին պատասխանեց.

«Եթե ես մի բան անում եմ, դա անում եմ վստահ: Եթե դաջվածք ես անում, այն պետք է շատ սիրես ու միաձուլվես դրան: Մտածում եմ, որ երբեք չեմ հոգնի իմ դաջվածքներից, ասեմ ավելին՝ հնարավոր է՝ դրանց թիվն ավելանա, բայց ոչ ոտքերիս կամ ձեռքերիս...»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել