«Նիկոլ» երևույթը մենք դեռ պետք է հասկանանք, քանի որ «Նիկոլ» անձից ազատվելուց հետո, իսկ դա շուտով լինելու է, «նիկոլ» երևույթից մենք չենք ազատագրվի, քանի որ նոր նիկոլներ են հերթի կանգնել։ Քանի դեռ կա հայկական պետականությունը, նիկոլները մեզ շարունակելու են սպառնալ, դրա համար, ինչպես Ֆրոյդի հոգեվերլուծության մեջ է, որպեսզի ազատագրվել արատներից, պետք է այն ենթագիտակցական շերտից վեր հանել գիտակցական շերտ, հասկանալ արատի գոյացման պատճառները, որից հետո նոր հնարավոր կլինի ազատագրվել։ Այսինքն՝ պետք է հասկանալ, գիտակցել ու դուրս մղել պսիխոզը։
Այսպիսով, ի՞նչ երևույթ է Նիկոլն ու նիկոլիզմը։ Ժամանակակից գրականության, ֆիլմարվեստում ու արդեն քաղաքականության մեջ այդ երևույթն ունի անվանում՝ trickster։
Trickster-ն անգլերեն նշանակում է խաբեբա, ճարպիկ կերպար։ Մշակութաբանության մեջ տերմինը ներդրել է ամերիկացի մարդաբան Պոլ Ռադինը, որն ուսումնասիրում էր Ամերիկայի հնդկացիների Վինեբագո ցեղի առասպելները, որից հետո տրիսկերի արքետիպը մտել է ժամանակակից գիտության և մշակութաբանության մեջ և 20-րդ դարի փիլիսոփայության ու մշակութաբանության մեջ Տրիկստերն սկսել է համարվել մարդկային մշակույթի առանցքային պերսոնաժներից մեկը։
Անցնենք գործի, ո՞վ է տրիկստերը։ Տրիկստերը, ինչպես նշեցինք, խաբեբա է, աճպարար, որը կոնֆլիկտներ ու անօրինականություններ է ձեռնարկում, չունի սոցիալական կանոններ, որի համար ստելը սովորական երևույթ է, այսինքն՝ հակասոցիալական տարր է, չի ենթարկվում ընդունված հանրային կանոններին, բայց խաղում է հանրության համար, հանդիսատեսի առկայությունը կարևոր է։ Լինելով հակասոցիալական տարր՝ նա նաև հանրային կերպար է։
Հին հունական դիցաբանությունից սկսած մինչև միջնադարյան և ժամանակակից գրականության մեջ բազմաթիվ տրիկստերների կերպարներ կան։ Թումանյանի Քաջ Նազարը նույնպես տրիկստեր է, իսկ ժամանակակից ֆիլմերում, անիմեներում նրանք արդեն գերակշռող կերպարներ են, օրինակ՝ Joker-ն ու մյուսները։
Տրիկստերները մտնում են արդեն քաղաքականություն, ու Հայաստանը դրա վառ օրինակն է ու, ըստ տենդենցի, ոչ վերջինը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել