Վերանայելով հայոց պատմությունը՝ հասկանում ես, որ դարեր ի վեր հայ ժողովուրդը երբեք իր ընտրած ճանապարհից չի շեղվել, դա է՝ առանց պետության ու պետականության ապրելը, ուրիշի լծի տակ ծվարած:
1988-1994 թթ. հայ ազգի մի խումբ նվիրյալ հայորդիներ որոշեցին այդ կարծրատիպը կոտրել և տանել ժողովրդին պետություն ու պետականություն ունենալու ճանապարհով՝ անշուշտ, անցնելով ԽՍՀՄ-ի տարբեր ուժային կառույցների ճնշումների միջով: Այդ մարդկանց հաջողվեց հասնել իրենց առջև դրված նպատակին և միևնույն ժամանակ տեսնել իրենց երազանքը՝ ազատ ու անկախ Հայաստանը: Հարկ եմ համարում նշել, որ այդ բաղձալի երազանքի իրականացմանը նպաստեց նաև ԽՍՀՄ-ի փլուզումը: Անցնելով պատերազմի թոհուբոհի միջով՝ ազգայնական այս քաջերը կերտեցին հայոց պետության և պետականության նոր էջը՝ ստեղծելով Հայաստանի երրորդ Հանրապետություն՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ:
Անկախ հանրապետության ստեղծման այս փաստը չկարողացան մարսել օտարերկրյա կործանարար ուժերը, որոնք 30 տարիների ընթացքում ջանք ու եռանդ չխնայեցին ՀՀ պետությունը կազմաքանդելու և այդ տարիների նվաճումերը փոշիացնելու համար: Այդ ավերիչ ուժերի հաջողություններին ու աղետաբեր հետևանքներին նպաստեց նաև մեր ժողովրդի ճնշող մեծամասնության հայակործան մտածողությունը, այն է՝ առանց պետության և պետականության օտարի լծի տակ ապրելն ու ծվարելը:
Ազգի ինքնությունը ոչնչացնող այս համոզմունքը հատկապես արտահայտիչ դարձավ վերջին 2.5 տարիների ընթացքում, մասնավորապես՝ վերջին 2-3 ամիսների հայ ազգի համար ողբալի իրադարձությունների և դրանց անդառնալի հետևանքների ընթացքում:
Խորհում եմ ու կրկին զարմանում, որ Հայաստանի պետականությունը վտանգված է, Արցախի 60-70% կորսված է, բայց ժողովրդի նույնիսկ 2-3 տոկոսը չի արձագանքում ու ընդվզում դավաճան իշխանությունների դեմ. խոստովանե՛ք, որ Դուք էլ եք զարմացած:
Ասածս այն է, որ այս համարձակ հայորդիները դեռ հեռավոր 1966 թվականին սկսեցին իրենց պայքարը (ԱՄԿ), հետո 1988-ին այդ պայքարը նոր փուլ մտավ, ու պայքարին միացան Աշոտ Նավասարդյանը, Անդրանիկ Մարգարյանը, Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և հայ ազգի շատ ու շատ նվիրյալ զավակներ, ում հաջողվեց ստեղծել ու պահել հայոց պետականությունը և պետությունն այնքան ժամանակ, մինչև այդ նույն ժողովրդի ծոցից «ծնվեց փրկիչ Նիկոլը» (23.04.2018):
Չգնահատելով և նսեմացնելով այն բոլոր ձեռքբերումներն ու հաղթանակները, որոնք Աստծո կամքով և օգնությամբ տրվեցին հայ ազգին երկարատև պայքարի արդյունքում, մենք այսօր հայտնվեցինք հայոց պետության և պետականության ավերակների վրա: Եվ վերջին ամիսների ողբալի իրադարձությունները մի դառը խրատ էին, Աստծո պատիժ մեր ժողովրդին: Հետևաբար, եթե շարունակենք ուրանալ, ավելի դաժան կպատժվենք:
Հ.Գ. 9.12.2018թ. ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքում 884,864 քվե ստացավ «Իմ քայլը» դաշինքը՝ ստանձնելով Հայաստանի և Արցախի տարածքային ամբողջականության ու ազգային անվտանգության պատասխանատվություն: Սա է ժողովրդի աղետաբեր և կործանարար ընտրությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել