Մերժվածը եւ նրա հետ փոխկապակցված խմբավորումները հերթական մանիպուլյացիան են փորձում անել եւ մտավոր որոգայթը գցել մարդկանց։

Թեզը հետեւյալն է. իշխանությունը պետք է ընտրի ժողովուրդը եւ քանի որ Մերժվածին ժողովուրդն է ընտրել, ապա մինչ ընտրությունները նա պետք է մնա իր պաշտոնին։

Մանիպուլյացիան կայանում է նրանում, որ Մերժվածին ժողովուրդը չի ընտրել, ժողովուրդը ընտրել է ներկայացուցչական մարմինը՝ Ազգային Ժողովը եւ ըստ սահմանադրության ԱԺ-ն կարող է անվստահություն հայտնել կառավարությանը եւ ընտրել նոր կառավարություն։ Բնականաբար, համապետական ընտրությամբ ընտրված միակ մարմինը մնում է իր տեղում, իսկ ժողովուրդն իր երբեմնի էմոցիոնալ ու չկշռադատված ընտրության հետ շարունակում է իր բազմաչարչար համակեցությունը։

Հիմա գանք մյուս թեզին, որը բազմիցս օգտագործել, անգամ դրան օրենսդրական կարգավիճակ տալու հերթական չկատարած խոստումն են տվել "հեղափոխականները", խոսքն "ուղիղ ժողովրդավարության" մեխանիզմի մասին է, ինչը հանրության մի ստվար զանգված իրացնում է փողոցում։ Ուղիղ ժողովրդավարության միջոցով մի մեծ զանգված ԱԺ-ին հուշում է ընտրել նոր կառավարություն ու դեռեւս ուղիղ ժողովրդավարության կանոններով հանրության մեկ այլ համարժեք զանգված հակառակ պահանջը չի ներկայացրել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել