Հեքիաթասացն ամոթ չունի։

Այս անգամ բարբաջանքը սկսում է արդեն ըստ էության` փոշմանանք արտահայտելով, որ անգամ ընդամենը խոսքով «ստանձնել է պատասխանատվություն»։

Խոսում է ցինիկ, հարձակողական։ Էլի բոլորը մեղավոր են, այս անգամ` նախորդները, բայց ոչ ինքը։ Ինքն էլի որևէ մեղք չունի։

Բողոքում և մեղադրում է նախկիններին դիվանագիտական ձախողումների համար, որոնցով տարածքները հետ տալն ամրագրվել էր միջազգային հանրության գիտակցության մեջ, բայց չի ասում, թե ինքն ինչ է արել, որպեսզի դա փոխվի։ Իրեն վերջին երկու և կես տարիներին անընդհատ առաջարկվել է այդ՝ ի սկզբանե պարտության տանող թեզը փոխարինել Արցախի հանդեպ ՀՀ սուվերենության և տարածքային ամբողջականության սկզբունքով, որ ամբողջությամբ նոր պարադիգմ կստեղծեր անգամ Հայաստանի դաշնակիցների հետ հարաբերությունների և նրանցից օգնություն ակնկալելու հարցում։

Էլի խոսում է, արդարանում, հարձակվում և ամեն ինչ անում` հանուն աթոռը պահելու համոզելու համար։

Ինքը բացարձակ, բացարձակ անմեղ է։ Իր անուղեղների ջոկատների համար ստեղծված թեզն է էլի առաջ մղում, թե նախկինների ժառանգության պատճառով անհնար էր Արցախը պահելը։ Հետո արդեն միլիոներորդ անգամ անդրադառնում է դղյակների և կոռուպցիայի, շվեյցարական բանկեր տեղափոխված թալանված գումարների թեմային, որի հետ կապված, սակայն, ոչ ոք այս ողջ շրջանում չի դատապարտվել։

Հետո համոզում է, որ գերագույն գլխավոր հրամանատարը, այսինքն՝ ինքը, ոչ մի կապ չի ունեցել պատերազմի վարման հետ։ Իրականում վատ որոշումներ, պարտություններ ապահովել են հրամանատարները, տեղում որոշում ընդունողները, այլ խոսքերով` բանակը։ Իսկ ինքն անմեղ է։ Ինքը մեկ որոշում է ընդամենը ընդունել և դրանով հսկայական հաջողություն է ունեցել ռազմադաշտում։

Հետո մեղադրում է բոլորին, որ պատերազմի առաջին օրը ժողովուրդը չի համաձայնել տարածքներ հանձնել և ի սկզբանե պարտվել։

Իսկ հետո անում է ցնցող մի հայտարարություն։ Ըստ էության, ասում է, որ ամսի 9-ի հարձակումն իրոք մահափորձ էր իր հանդեպ, որ «պատերազմում տեղի ունեցած ճշմարտությունը չբացահայտվի, բայց, իհարկե, այն բացահայտվելու է»։ Այսինքն` հարձակվողներն են պարտվել, կազմաքանդել բանակը, հանձնել Շուշին, փաստաթուղթ ստորագրել, իսկ ինքը գիտե այդ մասին, և իրեն ուզում էին սպանել, որ նրանք, որ ոչ մի լծակ չունեին պատերազմի ժամանակ, ծածկեն իրենց մեղքը պատերազմը տանուլ տալու գործում։ Իսկ դա նշանակում է, որ էլի, իհարկե, ինքն անմեղ է։ Դավաճաններն ուրիշներն են։ Այս դեպքում, իհարկե, իր հակառակորդները, նախկին ռեժիմը։

Հետաքրքիր է բարբաջանքի` գերիներին առնչվող հատվածը։ Դրանից կարելի է ենթադրել, որ Բաքուն իր գործակալին Երևանում երկար իշխանության պահելու համար, թերևս, սկսել է մտածել գերիներին վերադարձելը որոշակիորեն հեշտացնելու համար։ Հենց դրանով է թերևս բացատրվում այն, որ որոշակի լավատեսություն արտահայտեց այդ թեմայի վերաբերյալ։

Եվ էլի աներես, անբարոյական և ժողովրդի վրա թքած ունենալու հաստատակամություն` մնալու իշխանության և ռեֆորմատոր ներկայանալու։

Իսկ ՀՀ սահմաններում կատարվողն ընդամենը «հանրության սխալ ընկալումների» արդյունք է։ «Խուճապի մատնվել պետք չէ»։

Ստացվում է` թշնամին թող սահմաններում վերցնի Հայաստանից, որքան կարող է։ Հետո մենք այն սահման կդարձնենք։ Իսկ սահմանում, ըստ էության, լարում չկա...

Ընդդիմության ամենատարբեր թևերին.

Ինքնակամ չի գնալու։ Ձեր դասական ոճի մեջ պայքարի բոլոր ուղիներն առաջիկա օրերին ամեն դեպքում, ամենայն հավանականությամբ, դատապարտված են անտեսման։

Ինքնակամ չի գնալու։ Ոչնչացնելու է մինչև վերջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել