Իշխանափոխությունից հետո շատ էինք լսում «ինքնիշխան» եզրույթը: Էյֆորիկ հոգեվիճակում շատերին թվաց, թե ինքնիշխանությունը ցանկությամբ է ձևավորվում: Եթե ուզում ես լինել ինքնիշխան, վերցնում ու լինում ես:

Չէ, ամեն ինչ տենց հեշտ չի: Օրինակ՝ ռուսական կողմի համար անընդունելի կադրերով Հայաստանի իշխանության «բնակեցումը» մենք որակեցինք որպես մեր «ինքնիշխան» որոշում: Ասում էինք՝ ում ուզում, որտեղ ուզում, նշանակում ենք: Ինքնիշխան որոշումներ ենք կայացնում: Չգիտակցեցինք, որ Ռուսաստանն էլ, Իրանն էլ, Վրաստանն էլ, մյուս երկրներն էլ իրավունք ունեն ինքնիշխան որոշումներ կայացնելու, որոնք մեզ համար կարող են չափազանց վտանգավոր լինել: Նույնիսկ հիմա չենք գիտակցում:

Ինքնիշխան պետություն` որպես այդպիսին, չկա։ Միշտ բոլոր որոշումները կայացնելիս նույնիսկ գերտերությունները հաշվարկում են իրենց դաշնակիցների կամ գործընկերնորի շահերը: Նույնիսկ ԱՄՆ-ի պես գերտերությունը չի կարողանում ինքնիշխան որոշում կայացնել և ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Միևնույն է, նայում է Թուրքիայի կողմ: Կաշկանդված է Թուրքիայով, որքան էլ գիտակցի եղելության իսկությունը:

Այնպես որ էդ «էյֆորիկ ինքնիշխանության» տարերքից պետք է դուրս գալ գիտակցումով, որ մտնելու եք հետէյֆորիկ ռեալ դեպրեսիա: Իսկ ինքնիշխանությունը «զգացմունքով» չեն ձեռք բերում, այլ հաշվարկված ռեալպոլիտիկայով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել