Միանգամայն տարօրինակ կացություն է ստեղծվել թիվ 38 ընտրատարածքի պատգամավորի թափուր մանդատի պայքարի հարցում: Այնպիսի տպավորություն է, որ մեր ընդդիմադիր և իշխանական կուսակցությունները բոլորը ունեն կոնսենսուսային մոտեցում, որ այդ ընտրատարածքի մանդատը ՀՀԿ-ի պապենական սեփականությունն է:
Այո՛, այսպես է ստացվում, որովհետև արդեն հիմա ԲՀԿ-ն կտրականապես հայտարարել է, որ չի պատրաստվում թեկնածու առաջադրել այդ տեղամասում, «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն կամուկացի մեջ են, իսկ ՀԱԿ-ից էլ ձեն-ձուն չկա (չնայած եթե ՀԱԿ-ի գլխավոր ֆինանսական հովանավոր ԲՀԿ-ն ասել է, որ չի առաջադրելու իր թեկնածուին, ապա ՀԱԿ-ն էլ, ըստ երևույթին, խելոք կնստի տեղը):
Համաձայնվեք, իրոք տարօրինակ է: Հատկապես վերջին հասարակական զարգացումների ֆոնին, որոնք կարծես մատնանշում են, որ կուսակցությունները դարձել են ռուդիմենտար գոյացություններ, այդ կուսակցությունները, հատկապես իրենց ընդդիմադիր հռչակած կուսակցությունները, փոխանակ ձեռնամուխ լինեն նրան, որ ապացուցեն, որ իրենց կապիտուլյացիայի ՀՀԿ-ն չի ենթարկել, և նրանք դեռ կարող են պայքարել եթե ոչ միասնաբար, ապա գոնե անջատ-անջատ:
Բայց դե շունը հաչի, քամին փչի: Ընտրություններն ավարտվել են, ու մեր ընդդիմադիրները էլ զահլա էլ չունեն քամակները իրենց տաքուկ աթոռներից պոկելու՝ մինչև մյուս ընտրություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել