Եթե միտումը ճիշտ եմ հասկանում, ապա մեզ սպասում է «ռուսամետներ»-«արեւմտամետներ» տիտանական բախում` գեղոյական-գավառական «ինտելեկտուալիզմի» ողջ թշվառ պերճանքով հանդերձ: Երկուստեք մարազմները գտնվում են հրետանային նախապատրաստության փուլում: Եթե սկսվի բուն ճակատամարտը, ապա սա իսկական դավադրության կարող է վերաճել ՀՀ անկախության հանդեպ, որի պահպանումը բացառում է կտրուկ շարժումները դեպ այս կամ այն կողմ: Ընդ որում «զավեշտն» այն է, որ ծայրահեղ արեւմտամետության արդյունքը կարող է լինել ռուսական ազդեցության կտրուկ աճը (ինչպես օրինակ ռուսական բազաների պայմանագրի երկարաձգումը հետեւեց նախաձեռնողական քաղաքականության փուլին), իսկ ռուսամոլների կողմից ծավալվող մարազմը, ինչպես միշտ, հանգեցնելու է հակառուսականության աճին բոլոր ադեկվատ մարդկանց մոտ: Եթե այս միտումն իրոք ծավալվի, ապա, կարծում եմ, հայաստանակենտրոն, երրորդ ուժի բացառման մտածողության կրողները պիտի պատրաստ լինեն` երկու ճակատով էլ դիմադրեն: Ընդ որում, իրականում ճակատը մեկն է՝ քանզի էությամբ, մտածողության որակով, կառուցվածքով՝ «մետությունները» նույնն են՝ միայն անուններն են տարբեր: Չմոռանանք, որ հայկական ռուսամետությունը պայմանականորեն հայկական արեւմտամետության ձեւափոխումն է (Իսրայել Օրի), իսկ այսօրվա արեւմտամետներից շատ-շատերը ճամբարափոխ ռուսամոլներ են եւ նույնիսկ ռուսախոսներ (կազուս Իգոր Մուրադյան):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել