Պատերազմի ավարտից հետո անխուսափելի բանավեճեր, ինչպես նաև սպեկուլյացիաներ են սկսվելու այս հարցի շուրջ: Նույնիսկ 1994-ի հաղթանակն իր ժամանակին վեճերի առիթ էր դարձել: Էլ չասած 2016-ի մասին:

Զգուշացնեմ, որ այս հարցի պատասխանն իմանալու համար հնարավոր չէ խուսափել շարադրանքում որոշակի գիտական-ակադեմիական տարրերի ներառումից: Այնպես որ պետք է համբերություն ու ուշադրություն:

Ցավոք, Հայաստանում նույնիսկ կրթված խավի մեծ մասն անտեղյակ է ռազմագիտության տարրական գիտելիքներից իսկ: Հաղթանակի հարցում ճնշող մեծամասնության պատկերացումները ձևավորված են սովետական կռիվ-կռիվ կինոների մասին մանկապատանեկան հուշերից:

Հաղթանակի խնդիրը դրվել և մանրամասն վերլուծվել է նախ՝ 19-րդ դարի գերմանական, մասամբ էլ՝ ֆրանսիական ռազմական տեսաբանների կողմից՝ ֆոն Բյոլով, Կլաուզեվից, էրցհերցոգ Կարլ, Ժոմինի, ֆոն Մոլտկե, ֆոն Շլիֆեն և այլք: Այդ վերլուծությունները ցայսօր չեն հնացել (Եվ նույնիսկ հակառակը՝ այսօր անգլալեզու ռազմագիտական գրականութան մեջ Կլաուզեվիցի և մյուսների նկատմամբ հետաքրքրության ռենեսանս է․ տասնյակներով գրքեր են հրապարկվում):

20-րդ դարում սրա հիմամբ թեման զարգացրել են անգլիական, ռուսական և ամերիկյան հեղինակները՝ Ֆուլեր, Լիդել Հարթ և շատ այլք: Ես կշարադրեմ ոչ թե մեջբերումներով, այլ ամփոփելով իմ իմացածի չափով՝ այս հեղինակների սահմանումների հիմամբ, որոնց մեծ մասի գործերը կարդացել եմ:

Հասկանալու համար՝ ի՛նչ է հաղթանակը, պետք է հասկանալ՝ ի՛նչ է պատերազմը, և որ կա պատերազմների տիպաբանություն, այսինքն՝ տարբեր տիպի պատերազմներ:

Գնանք հերթով․

1. Պատերազմը քաղաքականության գործիքն է: Երբ հնարավոր չի համարվում որևէ խնդիր լուծել խաղաղ ճանապարհներով, դիմում են ծայրահեղ գործիքի՝ պատերազմի:
Պատերազմի նպատակները քաղաքական են:
Այսինքն՝ պատերազմն ինքնաբավ երևույթ չէ, այլ գործիքային է: Կոչված է լուծել ոչ թե ինքն իր, այլ իրեն որպես գործիք օգտագործող քաղաքանության նպատակները:
Յուրաքանչյուր պատերազմ նախ ունի իր քաղաքական նպատակը: Ի՞նչ քաղաքական արդյունքի են ուզում հասնել տվյալ պատերազմով:

Հետևաբար հաղթանակն իր առաջին և գլխավոր իմաստով պատերազմի քաղաքական նպատակին հասնել-չհասնելու հարցն է:
Նպատակը կարող է լուծվել ամբողջապես, մասամբ կամ ընդհանրապես չլուծվել:
Ուրեմն հիշենք՝ հաղթանակը նախ քաղաքական նպատակին հասնելն է:
Ուրեմն դատելու համար հաղթանակի մասին պետք է նախ իմանալ կամ վերլուծելով հասկանալ պատերազմի քաղաքական նպատակը:

Այս նույն սահմանումն այլ կերպ կարելի է ներկայացնել այսպես՝ պատերազմի նպատակն է այնպիսի խաղաղության հաստատումը, որը ձեռնտու է մեզ և ձեռնտու չէ թշնամուն (առաջինը սա սահմանել է ֆոն Բյուլովը):

2. Հաղթանակը զուտ ռազմական իմաստով

Սա արդեն ենթակա է առաջինին՝ քաղաքականին:
Այստեղ կարելի է առանձնացնել երկու մոտեցում:

Առաջինը Կլաուզեվիցն ու իր դպրոցն է: Դա ռազմական հաղթանակը սահմանում է որպես հակառակորդի բանակի ոչնչացում, այսինքն՝ դրա դիմադրողականության կոտրում ֆիզիկական և հոգեբանական իմաստով: Այս մոտեցման համար, որը հիմնված է Նապոլեոնյան պատերազմների փորձի վրա, կարևորը ճակատամարտն է՝ բանակների բախումը, և երկրորդական են տարածքային խնդիրները:

Մյուս մոտեցումն անուղղակի գործողությունների կողմնակիցների մոտեցումն է՝ ֆոն Բյուլովից մինչև Լիդել Հարթ:
Սրանք համարում են, որ կարելի է հաղթանակի հասնել խուսափելով մեծ ճակատամարտերից՝ հարվածներ հասցնելով թշնամու թիկունքին և այլն: Բայց մեծ հաշվով այստեղ էլ իմաստը նույնն է՝ թշնամու դիմադրողականության կոտրումը: Պարզապես այստեղ թշնամու բանակը շարքից հանվում է ոչ թե ուղիղ հարվածով, այլ նրա թիկունքի, հենարանի, բազային ուղղված հարվածներով:

Հետևաբար ռազմական իմաստով հաղթանակը թշնամու բանակի դիմադրողականության ոչնչացումն է:

3. Պատերազմները լինում են բացարձակ և սահմանափակ նպատակներով

Բացարձակ նպատակը թշնամի պետության իսպառ ոչնչացումն է, ծնկի բերելն է, անվերապահ կապիտուլյացիան է: Նման պատերազմները բացառություն են պատմության մեջ, բայց հիմնականում դրանք են մնում հիշողության մեջ:

Պատերազմների մեծ մասը սահմանափակ նպատակներով պատերազմներն են: Այստեղ խնդիրը ոչ թե թշնամի պետության ոչնչացումն է, այլ նրան այնպիսի կորուստներ պատճառելը, որ դրանց համեմատ նա այլևս անիմաստ համարի դիմադրությունը կամ էլ այն նպատակները, որոնց ուզում է հասնել: Այսինքն՝ վճարվող գինն ավելի թանկ դառնա, քան նպատակը, որի համար կռվում են:

Պարզ է, որ բացարձակ նպատակներով և սահմանափակ նպատակներով պատերազմների հաղթանակները տարբեր են: Մեկի դեպքում թշնամի պետությունը կամ ռեժիմը պարզապես վերանում են, մյուս դեպքում՝ կնքվում է խաղաղության պայմանագիր (հրադադարի մասին չէ խոսքը, այլ հենց խաղաղության լիարժեք):

Ընդ որում, սահմանափակ նպատակներով պատերազմների անվերջ բազմազանություն կա՝ սկսած լայնածավալից մինչև դիրքային կռիվ: Առանձին էլ պետք է դիտարկել պարտիզանական և այլ փոքր ինտենսիվության պատերազմները:

4. Պատերազմները լինում են պաշպանական և հարձակողական:
Համապատասխանաբար տարբերվում են և հաղթանակները:

Ուրեմն ունենք հաղթանակի սահմանումների հետևյալ աստիճանակարգը․
1. Հաղթանակը թշնամու քաղաքական նպատակի ձախողումն է, եթե պաշտպանվում ես, և սեփական քաղաքական նպատակի իրացումն է, եթե նախաձեռնողն ես:
2. Հաղթանակը թշնամու զինված ուժի և ընդհանրապես դիմադրողականության ոչնչացումն է կամ կոտրումը:
3. Հաղթանակը կարող է լինել բացարձակ և սահմանափակ:
4. Հաղթանակը կարող է լինել պաշտպանական և հարձակողական:

Որքան էլ ստիպողական բարդ ստացվեց շարադրանքս, անհրաժեշտ է սրանք իմանալ և հիշել անգրագետ որակումներից, ինչպես և քարոզչական մանիպուլյացիաներից հնարավորինս պաշտպանված լինելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել