Մի քիչ ուշացմամբ:

2020 թվականի հոկտեմբերի 3-ը՝ երեկ չէ, առաջին օրը, ամբողջ հայոց պատմության ամենանշանակալից օրերից մեկն էր:
Առա՛նց չափազանցության:
Ու մենք դա ապրել ենք:
Գուցե դեռ լավ չենք գիտակցել ու չենք հասկացել, թե ինչ ենք ապրել:

Հոկտմբերի 3-ի հարձակումը, որին դիմակայել է մեր բանակն իր ողջ ուժերը լարելով, եղել է ընթացիկ պատերազմի ամենակատաղի, ամենաինտենսիվ, ամենամոլագար հարձակումը:
Դա մի ճակատամարտ էր կամ մեծ ճակատամարտի մի կարևորագույն դրվագ, որը հաղթեցինք:

Նախորդ օրը՝ հոկտեմբերի 2-ին, ադրբեջանական կայքերում հայտնվեցին արդարացումներ, թե ինչու է իրենց առաջխաղացումը դանդաղ ընթանում:

Սա, փաստորեն, ազդանշան էր հաջորդ օրվա նոր՝ ավելի կատաղի հարձակման:

Ու այդ հարձակման գրանցված արդյունքը՝ իրենց կողմից Մատաղիսի կեղծ գրավումը:
Մինչդեռ նույնիսկ, եթե դա ճիշտ լիներ, դա աներևակայելի թույլ արդյունք էր նման ծավալի հարձակման համար:
Իրական արդյունքը պետք է ենթադրեր ճակատի արմատական ճեղքում մի քանի հատվածներում, դիմադրության արմատական հաղթահարում ու լուրջ առաջխաղացում՝ տասնյակներով հաշվող բնակավայրերի գրավմամբ:

Պատերազմը դեռ շարունակվում է:
Թուլանալու պահ չէ:
Հակառակորդին ոչ մի դեպքում չի կարելի թերագնահատել, որքան էլ երբեմն իրապես անխելք բաներ անի: Այլապես կնմանվենք հենց իրենց:

Բայց միջանկյալ արձանագրումներն անհրաժեշտ են, որպեսզի մենք նաև հասկանանք, տեսնենք, գնահատենք ինքներս մեզ:
Հերոսական դիմադրությունը պոզով-պոչով չի լինում:

Նախորդ մեծ պատերազմում էլ ունեցել ենք մեծ հաղթանակներ՝ պաշտպանական և հարձակողական:
Պաշտպանական հաղթանակները հաճախ այդքան երևացող չեն, հասկանալի չեն, որքան հարձակողականները: Բայց նաև հաճախ ավելի թանկ գին ունեն ու ավելի մեծ խելք, հմտություն, ոգի, կարգապահություն, գաղափարականություն են պահանջում:

Մեր նախորդ հաղթանակների մասին մենք չնչին չափի գեղարվեստական գործեր ենք ստեղծել՝ գրական, կինո, նկարչություն և այլն:

Սա մեր հանրության ինքնաօտարացման ցուցիչներից է:

Այսօրվա հաղթանակներին ճիշտ հակառակ վերաբերմունքը պետք է լինի:

Մեր բանակը սեփական արյամբ, քրտինքով, ուղեղով գրում է նոր հայոց ազգային վեպը, էպոսը:
Մենք պետք է դա վերածենք նաև գեղարվեստական բարձր արժեքների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել