Արդեն 7 օր է՝ Ադրբեջանը Թուրքիայի բացահայտ հովանավորությամբ և աջակցությամբ հարձակվել է Արցախի վրա՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը:

Միջազգային հանրությունը բավարարվում է միայն դատապարտող հայտարարություններով:

Միջազգային հանրությունը չի լսում սպանված մարդկանց ձայները: Միջազգային հանրությունը լուռ է:

Տարատեսակ իրավունքների պաշտպանության հարցերով միջազգային հանրությունն ակտիվ է, կազմակերպում է գիտաժողովներ, կազմում է փորձագետների կարծիքներ, ֆինանսավորում է և ամեն տեսակ աջակցություն ցուցաբերում, բայց ԱԶԳԻ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ հարցում նույն ջանասիրությունը ՉԿԱ: Չի ուզում ընդունել, որ ամեն ժամը խիստ կարևոր է, ամեն ժամը մարդկանց ճակատագրեր է, որբացած երեխաներ, որդեկորույս ծնողներ…

Սա պետք է հիշենք: Հիշենք մեր երեխաներին դաստիարակելու, կրթական չափորոշիչներ սահմանելու, բանակի և եկեղեցու դերի մասին մտորելու ժամանակ:

Սփյուռքում գտնվող մեր հայրենակիցներ, խնդրում եմ՝ աղմկեք, որպեսզի խուլ միջազգային հանրությունը լսի: Դուք նույնպես պատերազմի դաշտում եք: Ռազմադաշտում գտնվող մեր եղբայրները անքուն պայքարում են մեր ապրելու իրավունքի համար: Կառուցող, ստեղծող և աշխատասեր մեր հայերը կարևոր են այն պետությունների համար, որոնց քաղաքացիներն ու ընտրողներն են: Ասեք ձեր խոսքը: Եթե չեն լսում, ապա բողոքի ակցիաներով կլսեն: Պետք է օգտագործել օրենքով չարգելված բողոքի բոլոր հնարավոր տեսակները:

Մեր հույսն Աստծու վրա է, մեր հույսը մեր ազգի միասնականության, իմաստության և մեր բանակի արիության վրա է:

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել