Մեզ պաթոսով ասվում է, որ արցախյան առաջնագիծը դառնում է քաղաքակրթական առաջնագիծ։

Մեզ հպարտորեն ասվում է, որ Արցախը կռվում է միջազգային ահաբեկչության դեմ։

Մեզ ասվում է նաև, որ Արցախը, Հայաստանը, հայ ժողովուրդը կռվում են հանուն գլոբալ անվտանգության։

Չի ասվում, թե արդյոք մեր կյանքի նպատակը քաղաքակրթական առաջնագիծ դառնա՞լն էր։ Հատկապես որ առաջնագծում զոհվում են, իսկ քաղաքակիրթ կոչված աշխարհը դա դիտարկում է որպես մանրադրամ իր մեծ խաղերում։

Չի ասվում, թե արդյոք միջազգային ահաբեկչության դեմ կռիվ տալը մտնո՞ւմ էր մեր երկրի ծրագրերի մեջ։ Ոնց որ թե մեզ ուրի՛շ բան էր խոստացվել։

Չի ասվում, թե արդյոք հանուն գլոբալ անվտանգության կռվե՞լն էր վերջին երկու տարվա քաղաքականության նպատակը։

Չեն տրվում պատասխաններ, թե ի՞նչ գին ենք վճարում մենք այս ամենի համար, սա՞ էիք խոստացել հայ ժողովրդին, Արցախին, Հայաստանին, ինչո՞ւ ազգը պառակտվեց պատերազմի նախաշեմին և ո՞ւմ ձեռքերով, ո՞վ է մեղավոր թշնամու լկտիության համար, ո՞վ փչացրեց հայ-ռուսական հարաբերությունները և շանս տվեց թուրքերին ակտիվորեն մտնել խաղի մեջ, ի՞նչ է լինելու այս ամենից հետո։ Նշված հարցերին, բնականաբար, պետք է պատասխաններ տրվեն, բայց ոչ հիմա։

Հիմա պետք է ատամները կրճտացնելով ինքնազսպվել, համախմբվել բանակի շուրջ ու լուռ սգալ մեր ընկածների համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել