Այո, պարոն Փաշինյան, դուք արձանագրում եք այն, ինչ մենք ենք բարձրաձայնում, բայց ի տարբերություն գիտնականների, բնապահպանների և մտահոգ քաղաքացիների` հենց Դուք պետք է գործուն քայլեր ձեռնարկեք և կենացների մակարդակից անցնեք գործի, այլապես Սևանա լիճը փրկել չի ստացվելու: Ի դեպ, ժողովուրդ ջան, տեղյա՞կ եք, թե ջրային պաշարների ոլորտում ի՞նչ «մեծ և աննախադեպ փոփոխությունների» մասին էր խոսում Շրջակա միջավայրի նախարարի նախկին ժ/պ-ն: Դուք Սևանից մեծ ջրային պաշար գիտե՞ք: Այո, ճիշտ է. ջրային պաշարների ոլորտում մեծ և աննախադեպ բացասական արդյունքներ են գրանցվել հենց Սևանի օրինակով: Ծիծաղելի է, որ արձանագրում են, թե որսագողությունը նույնպես կրճատվել է: Գիտեք` ի՞նչն ի նկատի ունեն: Այն, որ օրինական են դարձրել որսագողությունը (200 տոննա արդյունաբերական նպատակով ձկնորսության թույլատվություն են տվել): Ինչ վերաբերում է ծառատունկի «աննախադեպ» ծրագրին, ապա բոլորս տեսանք, թե ինչպես «իրականացվեց» 1 միլիոնանոց «ամառային» ծառատունկը: Իսկ եթե անդրադառնանք խոստացած 10 միլիոն ծառատունկի ծրագրին, ապա ասածը մեզ կարող է հիշեցնել միայն ռուսական հայտնի ֆիլմից դրվագ`
«- Помоги, друг. – Помагу... лет через 5»:

Իսկ ահա նորանշանակ նախարարի մտածելակերպն ուղղակի աբսուրդի թատրոն է հիշեցնում: Լրագրողի այն հարցին, թե Ամուլսարի խնդրով ի՞նչ տեսակետ ունի, պատասխանում է` «Ամուլսարի հետ կապված իմ տեսակետը չի կարող տարբեր լինել վարչապետի և կառավարության կողմից որդեգրված կուրսից ու մոտեցումից՝ ցանկացած հարցում»: Նորանշանակ նախարարի այս մոտեցումը արձանագրում է.
1. Վարչապետը միանձնյա և կամայական է որոշումներ կայացնում, որովհետև ինչպես իրենք են խոստովանում` նախարարները (համենայն դեպս քայլածները) անձնական և մասնագիտական տեսակետ չունեն իրենց իսկ կողմից կառավարվող ոլորտներում:
2. Լինելով Շրջակա միջավայրի նախարար` նորանշանակը պետք է լիներ շրջակա միջավայրի շահերի ներկայացնողն ու պաշտպանողը կառավարությունում, այլ ոչ թե հակառակը: Ողջ աշխարհում բնապահպանության ու շրջակա միջավայրի նախախարությունները գործադիր իշխանության մեջ հավասարակշռում են արդյունաբերողներին ու տնտեսական աճ ապահովողներին: Այս կառավարության կազմում այս գերատեսչությունը փաստացի հակակշիռ չէ, կցորդ է, եթե կուզեք` բուտաֆորիա: Սա նշանակում է, որ Փաշինյանի կառավարությունը բնության և մարդկանց առողջության հաշվին փորձելու է տնտեսական աճի թվեր ներկայացնել: Ու այս դեպքում հարց է առաջանում. նման մոտեցում ունեցող կառավարությանն ընդհանրապես ինչի՞ն է պետք Շրջակա միջավայրի նախարարն ու նախարարությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել