Դեռևս հունիսի 8-ին արված գրառմանս շրջանակերում կանխատեսել էի հայկական դիրքերի դեմ ադրբեջանական ագրեսիայի հնարավորությունը։ Վերլուծելով վերջին շրջանում #Ադրբեջանի իշխանությունների խոսույթում արձանագրված բացահայտ հայատյացությունն ու ռազմատենչությունը՝ որպես դրա առանցքային հասցեատերերից նշել էի նաև միջազգային հանրությանը։ Մասնավորապես՝ «բայցևայնպես, միևնույն ժամանակ անթաքույց պատերազմի սպառնալիք պարունակող և «հայկական կողմի անզիջում դիրքորոշման» պատճառով բանակցային փակուղում հայտնված #ԼՂ հիմնախնդիրը բարենպաստ աշխարհաքաղաքական իրավիճակում ռազմական ճանապարհով լուծելու պատրաստականությունը շեշտադրող բազմաշերտ հայտարարությունները կարող են ուղղված լինել նաև միջազգային հանրությանը՝ որպես նախազգուշացում, նախապատրաստում, իրազեկում»։

Հուլիսի 12-ին #Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ի նախաձեռնած հարձակումը, դրա հետ կապված բավականաչափ լայն արձագանքը, բացի այլ ածանցյալներից, իր խորքում կարելի է դիտարկել որպես դարձյալ միջազգային հանրությանն ուղղված «հատուկ գործողության» շղթայի օղակներից մեկը։ Հենց #Հայաստանի հետ սահմանի ամենաբարդ հատվածներից մեկում ռազմական լարվածության հրահրումն ադրբեջանական քարոզչամեքենան, կանխավ ունեցած պլանի համաձայն, ռազմական նրբությունների հիմքով փորձեց ներկայացնել որպես հենց Հայաստանի կողմից իրականացված հարձակում։ Այս թեզը կարևոր էր նաև դարձյալ ադրբեջանական քարոզչության մեկ այլ հիմնադրույթի՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման պայքարը Հայաստան-Ադրբեջան հակամարտության իրավական ձևակերպմամբ ներկայացնելու առումով։ Ասել է, թե՝ #Բաքվի վարչակարգը նպատակ էր հետապնդում հիմնախնդրի ադրբեջանական ձևակերպմանը միջազգային իրավական վավերագրման հասնելու, ինչը ձախողվեց․․․

Իսկ բուն ռազմական թեժացումը ներկայացվելու էր «Հայաստանն ագրեսոր երկիր է, չի կատարում ՄԱԿ-ի և միջազգային այլ կառույցների բանաձևերը, խախտում է համավարակի ընթացքում հակամարտությունները դադարեցնելու վերաբերյալ միջազգային հանրության կոչերը․․․» և նմանատիպ այլ քարոզչական ուղերձների ներքո, ինչը և արվում է ցայժմ․․․

Հ․Գ․ Նաև վերոնշյալի համատեքստում էր, երևի թե ամենաառաջնայինն Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար Է․ #Մամեդյարովի դերակատարումը, որը «գործի ամենաթեժ պահին թռել էր», և #Ալիևը «չէր կարողանում գտնել նրան»:))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել