Սևանի վիճակը բարելավելու ուղղությամբ անհապաղ քայլեր է պետք ձեռնարկել, այլապես մենք կանգնելու ենք շատ լուրջ խնդիրների առջև: Այսպես շարունակելու պարագայում Սևանը ճահճանալու է, և մենք կորցնելու ենք տարածաշրջանի քաղցրահամ ջրի ամենամեծ պաշարը: Այս ամենի հետևանքով ոչնչանալու է Սևանա լճի ողջ էկոհամակարգը: Ձկնային պաշարները ոչնչանալու են, ինչը առաջացնելու է պարենային անվտանգության խնդիր: Առաջանալու են համաճարակների բռնկման լուրջ ռիսկեր, որոնց հետևանքով Սևանի ավազանը կդառնա մարդկանց առողջության համար ռիսկային գոտի։ Ոչնչացման վտանգից չի խուսափելու նաև էնդեմիկ հայկական որորը:

Վտանգներից զերծ չի մնալու նաև գյուղատնտեսությունը։ Խնդիրներ է առաջանալու ինչպես անասնապահական, այնպես էլ ոռոգման համակարգի հետ, քանի որ Սևանից սկիզբ առնող Հրազդան գետը մեծ նշանակություն ունի ոռոգման համար: Այս ռիսկերն անտեսելով և շարունակելով Սևանը շահագործել՝ առանց լուրջ միջոցառումների և անհրաժեշտության դեպքում՝ նաև խիստ սահմանափակումների, մենք կանգնելու ենք Սևանը հիմնովին կորցնելու վտանգի առաջ։ Պետությունն այս պահից սկսած պետք է մտածի նաև Սևանի տարածաշրջանում ապրող քաղաքացիների և տնտեսվարողների անխուսափելի սահմանափակումների հետևանքով հասցվելիք վնասների հաշվարկման և փոխհատուցման մասին, որպեսզի քաղաքացիները չհայտնվեն սոցիալ-տնտեսական ծայրահեղ վիճակում և հնարավորինս քիչ վնասներ կրեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել