Այս երկու տարվա ընթացքում ես աշխատել եմ չանդրադառնալ խորհրդարանական դիվանագիտությանը, նախ՝ քանի որ այն՝ որպես այդպիսին, գոյություն չունի, և երկրորդ՝ որպես կանոն, որևէ լուրջ պայքարի առիթ խորհրդարանականները չեն ունեցել։ «Վերելակային» դիվանագիտության թե այլ պատճառով մեր ճամփորդ պատգամավորներն իրենց «բացառիկ» հմտությունները ցուցաբերելու առիթ չեն ունեցել՝ լինի դա ԵԽԽՎ-ում, Եվրանեսթում, թե մեկ այլ կառույցում: Սակայն հիմա ինչպես ռազմական ճակատում են տեղի ունենում փոփոխություններ, այնպես էլ ակնհայտորեն իրավիճակը լարվում է դիվանագիտական ճակատում։ Ու եթե մեր բանակը ռազմական ճակատում գործում է փայլուն՝ իրականացնելով իր առջև դրված խնդիրները, ցավոք, նույնը չի կարելի ասել դիվանագիտական ճակատի մասին, որտեղ աջակցությունը Գվատեմալայի ու Սախալինի տիրույթից աննշան է վերև գտնվում։

Ադրբեջանցիները չափազանց ակտիվ են Միացյալ Նահանգներում ու օրերս բանաձև անցկացրին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում։ Այն աննախադեպ վատն է ու խիստ վտանգավոր է մի քանի հարթություններով:

Նախ՝ բանաձևը հավասարության նշան է դնում Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի և Ադրբեջանի մասնակցությամբ կոնֆլիկտների միջև, մինչդեռ մենք բազմիցս պնդել ենք, որ այդ կոնֆլիկտներն իրենց ծագումնաբանությամբ, լուծումներով էականորեն տարբերվում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից: Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի պարագայում միջազգային փաստաթղթերում շեշտադրվում է տարածքային ամբողջականության սկզբունքը, մինչդեռ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի պարագայում, այդ սկզբունքից զատ, նշվում է ինքնորոշման իրավունքը: Եվ հիմա այս բանաձևով հավասարության նշան է դրվում միմյանցից էականորեն տարբերվող իրավիճակների միջև:

Երկրորդ՝ թեև բանաձևը առաջին հայացքից վերաբերում է մարդու իրավունքներին, օրինակ` տեղահանվածների իրավունքներ, սակայն ակնհայտ է դրա հեռահար ազդեցությունը Արցախյան հիմնախնդրի վրա, մասնավորապես՝ ադրբեջանական քարոզչամեքենային համահունչ միանգամից գրավյալ են համարվելու և՛ Արցախը, և՛ հարակից շրջանները: Սենատի կողմից բանաձևը ընդունելու պարագայում Ադրբեջանը հետագայում անընդհատ շահարկելու է դրա ձևակերպումները և հղում է կատարելու բանաձևում կատարված համեմատականներին ու սա տանի այլ հարթակներ։

Մինչ այս պահը հայկական լոբբիստական կազմակերպությունները կատարել ու կատարում են հսկայական աշխատանք: Հենց նրանց ջանքերով էր, որ մի քանի օր առաջ ընդունվեց ԱՄՆ կոնգրեսական Ֆ. Փալլոնի նախաձեռնած բանաձևը` Ադրբեջանին տրամադրված ռազմական օգնության թափանցիկության վերաբերյալ: Սակայն իրավիճակն այնպիսին է, որ միայն հայկական լոբբիստների ջանքերն այս պարագայում բավարար չեն: Նրանք չեն կարող զուգահեռ աշխատել և՛ պրոհայկական քայլերի համար, և՛ հակահայկական քայլերը չեզոքացնելու համար։ Այստեղ անելիք ունեն ԱՄՆ-ի հետ աշխատող պատգամավորները։ Իսկ այս բանաձևի հայտնվելը արդեն իսկ նշանակում է ձախողում:

Ի դեպ, հիշեցնեմ, որ իշխանափոխությունից հետո հենց ԱՄՆ են եղել թեև ոչ բարձր մակարդակի, բայց ամենամեծաթիվ այցերը՝ է՛լ Արարատ Միրզոյան, է՛լ Տիգրան Ավինյան, է՛լ գրեթե միակուսակցական պատգամավորների խումբ։ Հիմա եկել է ծախսած միլիոնները գոնե մի փոքր արդարացնելու ժամանակը։

Հ.Գ. Հուսով եմ՝ սա չեզոքացնելու համար իշխանությունը կգործադրի նույն ջանասիրությունը և էնտուզիազմը, որով պայքարում է ընդդիմախոսների դեմ, որով «շահագործում» էր զինվորների սխրանքը՝ «սելֆիախեղդ» ու «կամուֆլյաժախեղդ» անելով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել