Այա Սոֆյան, անշուշտ, համաշխարհային մշակութային կոթող է, որի գմբեթը հայ ճարտարապետ է վերակառուցել։ Բայց այն ուղղափառության կենտրոնական և պատմական հուշարձանն է, իսկ հայերը, որքան էլ ոմանք սխալաբար կարծեն, ուղղափառ չեն։ Ընդհակառակը` քաղկեդոնական ուղղության ամենաոխերիմ հակառակորդներից է մեր եկեղեցին, և քաղկեդոնական կոթողի մասին կարող են նախևառաջ քրիստոնեական ուղղափառ եկեղեցիները մտահոգվել։

Մեզ պետք է մտահոգի երկու այլ հանգամանք.

ա. Այդ ինչպե՞ս է, որ մենք մեր երկրի` մեր վերահսկողության տակ գտնվող գրեթե բոլոր հուշարձաններն ենք ծայրահեղական սալաֆիստների պես ավերում, բայց ողբում Հայաստանի երբեմնի հակառակորդի և կեղեքիչի` Բյուզանդիայի գլխավոր սրբատեղիի երկրորդ անկումը, և հետո`

բ. Այդ ինչպե՞ս է պատահում, որ Այա Սոֆյայի մզկիթացման փոխակերպումը, որն արտահայտությունն է հարևան երկրի կողմից Արևմուտքին և ընդհանրապես քրիստոնեական քաղաքակրթությանն ու մշակույթին նետվող քաղաքական մարտահրավերի, որն իր հերթին նոր նվաճողականության ծիծեռնակի դեր է կատարում, Երևանում ինչ-որ անգրագետներ դպրոցական ինչ-որ տեքստ են գրում և տալիս իրենց խմբակի առաջնորդին կարդալու, որում խոսվում է քաղաքակրթական կոնֆլիկտները մերժելու և քաղաքակրթությունների երկխոսության կամուրջ դառնալու մարմաջի մասին։

Արդյո՞ք այդ աստիճան հիմարացած ենք մենք՝ որպես հասարակություն, որ տարածաշրջանում ահագնացող քաղաքական-քաղաքակրթական հրդեհի պայմաններում խոսում ենք շոտլանդական կանաչ մարգագետիններից և կապուտակ շվեյցարական լճերից` զուգահեռաբար ցավալով ոչ թե մի ամբողջ քրիստոնեական սիմվոլի վերանվաճման և դրանով աշխարհին, այդ թվում՝ և մեզ նետվող ձեռնոցի իրական ու խորքային իմաստի և ուղերձի, այլ շենքի նշանակության փոփոխության համար...

Այսպիսի մտահորիզոնով, այսպիսի առաջնորդով ու աշխարհընկալմամբ եթե շարունակենք, մի օր կարող է և Սբ. Էջմիածնի կողքին էլ մինարեթներ հառնեն։ Որովհետև նա, ով, արյան դրոշին ի պատասխան, մարտադաշտ է դուրս գալիս խաղաղության ծխամորճով, անվտանգության խորհրդի հատուկ նիստը վերածում տերպետրոսյանական պացիֆիզմի` համեմված ազգային թվացող, բայց դարձյալ խաբելուն ուղղված կեղծ հայրենասիրությամ, ոչ թե հաղթանակի մասին է մտածում, այլ մարտադաշտից փախուստի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել