Factor.am-ը գրում է․

«Պարետ Ավինյան ու առողջապահության նախարար, կասե՞ք կորոնավիրուսից մահացած տատիկի դին որտեղ գնանք փնտրենք»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ապա շարունակել. «Ինձ գրել և այնուհետեւ զանգահարել էր գյումրեցի Մարիամ Մալխասյանը, ով պատմեց, որ հունիսի 29-ի առավոտյան «Գրիգոր Լուսավորիչ» կլինիկայում կորոնավիրուսից մահացել է իր տատիկը, բայց տատիկի դին մինչ այս պահը իրենք չեն կարողանում գտնել: Մի պահ թվաց աղջիկը անհաջող հումոր է անում ու որոշեցի հետը զրուցել:

Մնացած պատմությունը՝ տատիկի կորած դիակի մասով, դա ամոթ ու խայտառակություն է: Տատիկը մահանում է, ինչպես արդեն ասացի, հունիսի 29-ին, և հարազատներին տեղեկացնում են, որ տատիկի դին կարող են ստանալ Աբովյան քաղաքի անատոմիկից: Երկու օր է Մարիամի եղբայրը անատոմիկում փորձում է գտնել տատիկի դին, բայց դին պարզապես չկա: Ավելին, երիտասարդը, անտեսելով վտանգը, անձամբ մտնում է անատոմիկ և դիակների մեջ փորձում գտնել իր տատիկին:

Ու չի գտնում։ Բնականաբար, հարազատները դիմել են պարետատուն, որտեղից նրանց ուղղորդել են առողջապահության նախարարություն, դիմել են առողջապահության նախարարություն, որտեղից նրանց հետ են ուղարկել պարետատուն: Վերջում դիմել են ոստիկանություն, սակայն առ այս պահը տատիկի դին չի գտնվել: Հարազատներին հաջողվել է այլ աղբյուրերից պարզել, որ դին անատոմիկ տեղափոխած սանիտարը տատիկի անուն-ազգանունը լավ չի կարդացել և, ըստ ամենայնի, տատիկի դին ստացել և, կրկին ըստ մենայնի, արդեն հուղարկավորել են բոլորովին այլ մարդիկ:

Հիմա ասածս ինչ է` լավ, դուք իսկապես չե՞ք հասկանում էս ինչ եք անում ու որ որևէ մեկդ չեք խուսափելու պատասխանատվությունից: Ցավակցում եմ Մարիամի ընտանիքին ու, անկեղծ ասած, չգիտեմ ինչ ասել……» Նաիրա Զոհրաբյանի գրառմանը պատասխանել է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը. «Ի պատասխան Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ահազանգի, ուզում եմ տեղեկացնել, որ մինչև իր հայտարարությունը` առողջապահության նախարարությունն արդեն իսկ տեղյակ է եղել դեպքից:

Հանգամանքները ճշտելու համար տեղեկացված է նաև ոստիկանությունը: Նշեմ, որ մանրամասներն այս պահին ենթակա չեն հանրայնացման: Այնուամենայնիվ, անհրաժեշտության դեպքում կկատարվի դիակի ԴՆԹ հետազոտություն: Խնդրում եմ դեռևս չպարզված հանգամանքների և առանց մանրամասներին ծանոթանալու զերծ մնալ ենթադրություններ անելուց: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:



© factor.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել