Նախագահ Սարգսյանն այսօր հանդես է եկել ելույթով ԵԺԿ տեսակոնֆերանսին և անդրադարձել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության ու անվտանգության մի շարք հարցերի: Սերժ Սարգսյանը ճիշտ և իրական բնորոշում է տվել իր ելույթում պոպուլիզմի քաղաքական վիրուսով ախտահարված Հայաստանի իշխանությունների ապաշնորհ գործունեությանը:

Սարգսյանը հանդիպման մասնակիցների հետ խոսել է Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունության և անվտանգության ապահովման խնդիրների մասին: Նախագահը բարձրաձայնել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, ինչը առաջին հերթին օրվա իշխանության խնդիրն է, սակայն բոլորս էլ տեսնում ենք, թե Արցախի խնդրի գերկարևոր հարցերի փոխարեն Նիկոլ Փաշինյանը ինչով է զբաղված:

Սերժ Սարգսյանը իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի կողմից համավարակի ընթացքում հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումների կապակցությամբ, քանի որ Արցախի հերոսը մտածում է Արցախի անվտանգության, այլ ոչ թե Ադրբեջանի ժողովրդի հետ երկխոսելու կամ Ադրբեջանի համար ընդունելի տարբերակներ գտնելու մասին:

Սերժ Սարգսյանն այսօր խոսել է նաև Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգի մասին:
Եվրամիության և Հայաստանի միջև դեռևս 2017 թվականին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման ընթացքի մասին`նշելով, որ Հայաստանի կառավարության ջանքերը բավարար արդյունավետ չեն:

Ի վերջո գոնե հիմա մարդիկ պետք է հասկանան, որ Սերժ Սարգսյանը, չլինելով երկրի ղեկավար, տեղեկատվական ու քարոզչական հարվածների ենթարկվելով, նույնիսկ քաղաքական հետապնդումների կենտրոնում հայտնվելով աշխատում է նույն եռանդով հանուն պետության, հանուն Հայաստանի և Արցախի անվտանգության և խաղաղ ապագայի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել