Politik.am-ը գրում է․

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շուրջ մեկ տարի առաջ՝ 2019-ին մայիսին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց. «Եթե պարզվի, որ իմ պաշտոնավարման ընթացքում իմ ընտանիքի անդամներից մեկը միլիոնատեր է դարձել, ես հաջորդ պահին պետք է բանտում լինեմ: Չի լինի էդպիսի բան, ամեն դոլարի համար պետք է պատասխան տալ»։

Այս հայտարարությունից մոտ մեկ տարի անց հրապարկվեցին փաստեր, որ Նիկոլ Փաշինյանն ու իր ընտանիքը ներգրավված են կոռուպցիոն տարբեր սկանդալներում՝ զենքի ապօրինի առևտրից մինչև մաքսանենգ ծխախոտ։ Այս փաստերի մասով որևէ պաշտոնական բացատրություն չի հնչել։ Շուրջ երկու տարի է՝ մամուլը գրում է, որ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, «ռեկետ է» անում օլիգարխներին ու գործարարներին՝ պահանջելով գումարներ մուծել իր ղեկավարած հիմնադրամներին։

Վերջերս էլ պարզվեց, որ Փաշինյանի ընտանիքի այլ անդամներ ևս ներգրավված են մութ գործարքներում և շուրջ երկու տարի է՝ զբաղված են Հայաստանից մաքսանենգ ծխախոտի արտահանման բիզնեսով, որի վերջին մի քանի խմբաքանակները կալանվել են ՌԴ իրավապահների կողմից։ Այս մասին իր մի քանի տեսաուղերձների ընթացքում հայտարարել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ Նախկին դեսպանի հայտարարությունների մեջ տեղ գտած փաստերի և պնդումների մասով ևս պաշտոնական մեկնաբանություններ չեն եղել։

Ռուսական հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժում ցուցադրվում են կադրեր, ըստ որոնց՝ ՌԴ Վորոնեժ քաղաքում առգրավվել է ավելի քան 1 միլիոն դոլար արժեքով հայկական մաքսանենգ ծխախոտով բեռնված մի ողջ ինքնաթիռ։ Եվ այդ տեսանյութում հիշատակվում են Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների անունները։ Մեկ այլ նման դեպք էլ տեղի էր ունեցել Կրասնոդարում, բացի այդ՝ հայկական ծխախոտի մեկ այլ խմբաքանակ էլ Վրաստանի անվան տակ իբրև արտահանվել էր Աբխազիա, սակայն նախատեսված էր եղել ՌԴ սև շուկայքում վաճառքի համար։ Այդ դեպքի կապակցությամբ էլ մեծ աղմուկ բարձրացրեցին վրացական ԶԼՄ-ները՝ նշելով, որ համապատասխան փաստաթղթերը գտնվում են Վրաստանի իրավապահ մարմինների ձեռքի տակ։

Մաքսանենգ ծխախոտի արտահանման բիզնեսն, ըստ հրապարակված տեղեկությունների, իրականացվում է Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հովանու ներքո։ Միքայել Մինասյանի պնդմամբ՝ այդ բիզնեսում ներգրավված են Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ Սիփան Փաշինյանը, աներձագը՝ Հրաչյա Հակոբյանը և կինը՝ Աննա Հակոբյանը, որը ՊԵԿ-ում իր դրածո Շուշաննա Ներսիսյանի միջոցով կազմակերպել է ապօրինի բեռի արտահանումն ու խոշոր եկամուտ ապահովել իր ընտանիքի համար։

Ուշագրավ է, որ այս սկանդալի բացահայտումից ավելի քան մեկ ամիս է անցել, բայց որևէ քրեական գործ մինչ այս պահը հարուցված չէ։ Ավելին, համաձայն տեղեկությունների՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի աշխատանքից ազատման իրական պատճառն ևս կապված է մաքսանենգ ծխախոտի արտահանման պատմության հետ։ Ըստ տեղեկությունների  Դավիթ Անանյանը նախընտրել է ազատման դիմում գրել՝ վստահ լինելով, որ հաջորդ իշխանությունը քրեական հետապնդում է սկսելու այս հարցով։

Եթե այս տեղեկությունները ճիշտ են, ապա ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքն այս կոռուպցիոն պատմության արդյունքում տասնյակ միլիոնավոր դոլարների եկամուտ կարող էր ստանալ։ Իշխանությունների լռությունը և հանրությանը բացատրություններ չտալը ստեղծում է տպավորություն, որ փորձ է արվում կոծկել կատարվածը։

Հաջորդ իշխանությունների օրոք կարող է պարզվել, որ այս հարցով ևս  Հայաստանի վարչապետը հերթական անգամ ստել է։ Ու երբ  Փաշինյանի ընտանիքն իշխանության չլինի, և կծիկն ամբողջապես քանդվի, ապա այս պահին պատգամավորական մանդատ ունեցող աներորդին կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին։

Ակնհատ է, որ այս խմորը դեռ շատ ջուր է քաշելու, և այս խայտառակ պատմության բոլոր դերակատարներին պատժելու հանրային պահանջ է ձևավորվել, իսկ թե որքան մեծ է մեղավորների շրջանակը, և հնչած անուններից ով ինչ պատասխանատվության բաժին ունի, ցույց կտա ժամանակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել