Անցած տարի գործող վարչախումբը փորձեց լուծել Ամուլսարի թնջուկը` պատվիրելով «Էլարդ» ընկերությանը ուսումնասիրել «Լիդիանի» կատարած ՇՄԱԳ-ը: Այսինքն` մի քանի փաստաթուղթ կարդալու համար ՀՀ կառավարությունը հարկատուների փողերից «Էլարդ» ընկերությանը վճարեց մոտ 450.000 դոլար: Այնինչ վերջում այս կազմակերպությունը հայտարարեց, թե ուսումնասիրել է «Լիդիանի» ՇՄԱԳ-ը և չի կարող պատասխանել հարցին` արդյո՞ք բնապահպանական տեսանկյունից անվտանգ է Ամուլսարի շահագործումը: Այս հանճարեղ «ուսումնասիրության» և պատասխանի համար Հայաստանի հարկատուները 450.000 դոլար են վճարել:

Համավարակի այս օրերին, երբ վարչախումբը չի կարողանում աղետի շեմին հասած մարդկանց սոցիալական խնդիրները լուծել և միաժամանակ խոսում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին, հիանալի կլիներ, որ իր վերահսկողական լծակներով ևս մեկ անգամ ուսումնասիրեր, թե ի վերջո ու՞մ գրպանը հոսեց այդ 450.000 դոլարը: Ի դեպ, հենց ներկա վարչախմբի շահերից է բխում, որ այդ հարցը բացահայտվի հիմա ու, եթե ճիշտ են օդում կախված լուրերը, ապա այդ գումարը հիմա վերադարձվի պետական բյուջե: Հատկապես որ հազարավոր մարդիկ այսօր ցամաք հացի խնդիր ունեն և այդ գումարով կարելի է բազմաթիվ խնդիրներ լուծել: Որովհետև հաջորդ իշխանությունն անպայման գնալու է այս թեմայի հետևից և ամենայն հավանականությամբ մարդիկ են հայտնվելու ճաղերի հետևում: Հիշեք պարոնայք, ոչինչ չի մոռացվում, ոչ ոք չի մոռացվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել