Ջերմորեն շնորհավորում եմ Շուշիի ազատագրման օրվա և հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ:
Այս տոնը մեր ազգի ինքնության, նրա անսասան ոգու ու կենսասիրության խորհրդանիշն է: Հաղթանակն ու խաղաղությունն անսակարկելի արժեքներ են:

Երկրորդ համաշխարհային և Հայրենական պատերազմների ժամանակ մեր ժողովրդի զավակներն արժանապատվորեն մասնակցեցին գերմանական ֆաշիզմի դեմ հաղթանակ տանելու և խաղաղություն հաստատելու գործին: Տասնամյակներ անց նրանց սերունդներն արժանապատիվ հաղթանակ կերտեցին ժամանակակից` ադրբեջանական ֆաշիզմի դեմ` հաղթելով Արցախյան պատերազմում, հաղթանակ, որի բարձրակետը, անշուշտ, հայկական Շուշիի վերադարձն էր:

Մեր հաղթական ձեռքբերումները, երեկվա ու այսօրվա հերոսների անձնազոհության ու նվիրումի բոլոր դրսեւորումները, նրանց հիշատակներն ու կենդանի օրինակները մեզ մղում են նոր հաղթանակների:

28 տարի առաջ այս օրը սկսվեց և գրվեց անցած դարավերջին անկախության համար հայ ժողովրդի մղած պայքարի ամենաշքեղ էջերից մեկը՝ ազատագրվեց Շուշին:

Շուշին ազատագրվեց հայ ռազմագիտական մտքի եւ համազգային միասնության շնորհիվ: Հայրենիքի պատիվն ու ժողովրդի արժանապատվությունն այն գլխավոր երաշխիքներն են, որոնց շնորհիվ ծնվել են մեր հաղթանակները, որոնց շնորհիվ ավելի քան քառորդ դար առաջ ազատության եւ արդարության ձգտումը Շուշիում վերածվեց հաղթանակի, իսկ հաղթանակը՝ խաղաղության:

Պատմությունը բազմիցս է ապացուցել, որ ազատությունը նվաճվում է հաղթանակով: Մենք հանուն ազատության պայքարել ենք` զոհաբերելով արյուն ու կյանք, բայց ոչ երբեք պատիվ ու արժանապատվություն, որովհետեւ գիտակցել ենք, որ առանց վերջիններիս ազատություն չի լինում:

Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել Արցախյան ազատամարտի վետերաններին, այսօրվա խաղաղությունն ու անվտանգությունը ապահովող մեր զինվորներին եւ մաղթել նրանց առողջություն, լավատեսություն ու բարօրություն: Թող խաղաղությունն ու հաջողությունը միշտ ուղեկցեն մեր ժողովրդին ու երկրին: Կրկին շնորհավորում եմ այս փառավոր տոնի առթիվ՝ վստահ ու համոզված, որ միասին հաստատակամորեն շարունակելու ենք կառուցել ավելի ուժեղ, ավելի ապահով ու բարեկեցիկ հայրենիք՝ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի եռամիասնությամբ:

Հ.Գ. Ազատությունը ոչ ոք չի նվիրում, և խաղաղություն չեն խնդրում, պարտադրում են:

Image may contain: 2 people

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել