Իսպանիայում ներքին տուրիզմը կարող է վերսկսել աշխատանքն արդեն այս ամռանը, իսկ միջազգայինը՝ աշնանը: Այդպես են կարծում հյուրանոցային ոլորտի ներկայացուցիչները: Նրանք անհրաժեշտ են համարում այս ընթացքում սանիտաական նորմերի մակարդակի բարձրացումը, մասնավորապես, այն, որ հյուրանոցում տեղավորվելուց առաջ քաղաքացին կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում անցնի:

«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ զբոսաշրջությունը Իսպանիայում կազմում է ՀՆԱ-ի 12.5 տոկոսը և ապահովում է 13 տոկոս աշխատատեղ: Եթե այս ոլորտը չվերսկսի աշխատել, ապա մոտ ապագայում Իսպանիայի տնտեսությանը սպասում է խոշոր անկում, քան կանխատեսվում է (նախնական գնահատականով՝ 8 տոկոս):

Իսպանիայի իշխանությունները վստահեցնում են, որ զբոսաշրջության ոլորտը փրկելու նախագիծը պատրաստվում է: Զբոսաշրջության նախարարությունը նախաձեռնել է բանակցություններ ԵՄ անդամ 9 երկրի հետ, որպեսզի հստակեցնեն ընդհանուր դիրքորոշում: Ամեն դեպքում մասնագետները նշում են, որ մոտ ապագայում միջազգային տուրիզմի վրա հույս դնել պետք չէ: Սահմանների բացումը, օդային փոխադրումների վերսկսումը, սանիտարական անվտանգության քայլերի հետ կապված որոշումները եվրոպական երկրները կընդունեն միաժամանակ, սակայն ներկայում սահմանների բացման հետ կապված կոնկրետ ժամկետներ չեն նշվում:

Ինչ վերաբերում է ներքին տուրիզմին, ապա Իսպանիայում սահմանափակումների աստիճանաբար հանելուն զուգահեռ ակտիվություն է ակնկալվում նաև այս ուղղությամբ: Մասնավորապես, նշվում է, որ հյուրանոցները կարող են աշխատել մայիսի 11-ից: Թեպետ ռեստորաններն ու բարերը դեռ կմնան փակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել