Factor.am-ը գրում է․

Factor.am-ի խմբագրություն է դիմել Արմավիրի մարզի Եղեգուտ համայնքի բնակիչ Միսակ Մարգարյանը՝ տեղեկացնելով, որ ցանկանում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ հայ-թուրքական սահմանին 15 մետր երկարությամբ խաչ տեղադրել: Նա հույս է հայտնում, որ Թուրքիայում ամեն օր կտեսնեն այդ խաչը և կհիշեն հայերի նկատմամբ իրենց կատարած ոճրագործությունը:

Քաղաքացին, սակայն, պնդում է, որ Պետական եկամուտների կոմիտեն թույլ չի տալիս խաչը տեղադրել: Պարզվում է՝ տարածքը, որտեղ քաղաքացին ցանկանում է տեղադրել խաչը, գտնվում է ռուս սահմանապահների հսկողության ներքո և ՀՀ ՊԵԿ-ի հաշվեկշռում՝ Մարգարա գյուղի վարչական տարածքում:

Միսակ Մարգարյանն ասում է, որ ռուսական կողմը թույլատրել է խաչը տեղադրել, սակայն ՊԵԿ-ը մերժել է և նշել, որ այդ տարածքն առաջիկայում կոմիտեից վերցվելու է ու փոխանցվի համայնքին: ՊԵԿ-ից առաջարկել են սպասել և հանձնում-ընդունումից հետո դիմել համայնքապետարան:

Հարցի շուրջ դիմեցինք ՊԵԿ, որտեղից փոխանցեցին, որ թեմայի վերաբերյալ արդեն իսկ անհրաժեշտ պարզաբանումը ներկայացրել են քաղաքացուն: Իսկ ահա Մարգարայի գյուղապետ Էդգար Ենոքյանը փոխանցեց, որ իրենք դեմ չեն խաչի տեղադրմանը, բայց առայժմ տարածքը իրենց չի փոխանցվել: Միսակ Մարգարյանը հավաստիացնում է, որ 15 մերտր երկարությամբ խաչը, որն արժեցել է 20 մլն դրամ, արդեն պատրաստ է տեղադրման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել