ԱՄՆ-ի մի շարք նահանգներ դիտարկում են կորոնավիրուսի դեմ պայքարի սահմանափակումները մեղմացնելու տարբերակները: Այդ համատեքստում Ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլ քաղաքի իշխանությունները որոշում են կայացրել վերաբացել ծովափերն ու այգիները:

CNN-ը գրում է, որ համաշխարհային պանդեմիայի ֆոնին ծովափին եղած տեսարանը զգուշավորություն չի հիշեցնում: Ծովափը հեղեղվել է մարդկանցով, երբ ոստիկանությունը հանել է սահմանափակումները: «Սոցիալական հեռավորությունը կարծես վերջին բանն էր, որի մասին մտածում էին քաղաքացիները: Նրանք եկել էին ծողափ իրենց սրբիչներով և արևայրուք էին ընդունում: Այնտեղ բժշկական պաշտպանիչ դիմակով քիչ թվով մարդիկ են եղել»,- գրում է CNN-ը:

Ծովափները բաց կլինեն առավոտյան 6-ից 11-ը և երեկոյան 17:00-20:00-ն ընկած ժամանակահատվածում՝ որոշ սահմանափակումներով: Քաղաքի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ չի թույլատրվի տանել արևայրուք ընդունելու համար նախատեսված իրեր:

Քաղաքային իշխանությունները նշել են, որ սա կարող է լինել բնականոն կյանքին վերադառնալու առաջին քայլերից: Պատասխանատուները բնակիչներին հորդորել են հետևել սահմանափակումներին, ուղեցույցներին իրենց իսկ անվտանգության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել