Բազմաթիվ մարդիկ ունեն աշխատելիս ինչ-որ բան ծամելու սովորություն: Իսկ երբ մարդը կարանտինի պայմաններում աշխատում է տնից, նրա տեսադաշտում շատ ավելի մեծ քանակությամբ ուտելիք կա, քան գրասենյակում, եւ նա կարող է իր համար աննկատ կերպով ուտել ավելի շատ, քան անհրաժեշտ է:

Ինչո՞ւ է առաջանում սովորություն ուտել աշխատելիս, եւ ինչպե՞ս պայքարել դրա դեմ: Այդ մասին պատմել է կլինիկական հոգեբան Վարվարա Զարոդինան (Ռուսաստան):

«Որպես կանոն, այդ իրավիճակն ունի մի քանի պատճառ: Մեզ համար ուտելիքը հանգստանալու, գործերից մտքերը ցրելու, հաղորդակցվելու միջոց է. շատերը կոլեգաների հետ համատեղ թեյախմության համար տրամադրում են 8-ժամյա աշխատանքային օրվա զգալի մասը: Բացի այդ, թխվածքաբլիթները եւ շոկոլադը փրկում են ձանձրույթից եւ սթրեսից, ինչպես եւ սոցցանցերը: Իսկ կան մարդիկ, որոնց համար սնունդը հիանալի առիթ է կատարված աշխատանքի դիմաց պարգեւատրվելու համար: Օրինակ՝ աշխատակիցն ավարտել է հաշվետվությունը, եւ ահա ձեռքն ինքնստինքյան ձգվում է դեպի կոնֆետը, իսկ մյուս ձեռքն արդեն թեյ է լցնում բաժակի մեջ պարտադիր շաքարավազով»,- ասել է մասնագետը:

Եթե ձեր ձեռքը ձգվում է հերթական կոնֆետը վերցնել, մասնագետը խորհուրդ է տալիս դրա փոխարեն մեկ բաժակ ջուր խմել: Շատ հաճախ մեզ թվում է, որ մենք ցանկանում ենք ուտել, սակայն իրականում մեր օրգանիզմն ունի ջրի կարիք. ծարավը մենք հաճախ շփոթում ենք քաղցի հետ:

Եւս մեկ օգտակար խորհուրդ. պատրաստվելով ինչ-որ բան ուտել՝ հարցրեք ինքներդ ձեզ. «Ես իսկապե՞ս ուզում եմ ուտել, թե՞ ես ուտում եմ հենց այնպես»: Եթե դուք իսկապես քաղցած եք, կերեք, եթե ոչ, ավելի լավ է ջուր խմել:

Բացի այդ, բազմաթիվ մասնագետներ պնդում են, որ ավելի լավ է հեռավորություն պահպանել կոնֆետների եւ այլ մթերքի միջեւ: Եթե դուք աշխատում եք տնից, կազմակերպեք ձեր աշխատատեղը սենյակում, իսկ ամբողջ ուտելիքը թողեք խոհանոցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել