Արտակարգ դրությունն ու կարանտինային ռեժիմը մեկ ամսով երկարացվելու են, և դա, ըստ էության, այլընտրանք չունի։ Ընդունելի է նաև, որ տնտեսական գործունեության որոշ սահմանափակումներ վերացվեն․ տնտեսությունն ամբողջությամբ կանգնել չի կարող։

Սակայն մեկ վերապահում ունեմ, որը վերաբերում է ապրիլի 20-ից տեքստիլ ոլորտի հնարավոր գործունեության հետ։ Կարի արտադրամասերի դեպքերը դարձան համաճարակային հիմնական աղբյուրներ, ու անկեղծ լինեմ՝ չունեմ որևէ երաշխիք, որ դրանց վերաբացման դեպքում անվտանգության կանոնները խստիվ կպահպանվեն, մանավանդ որ հիմա նույնիսկ Երևանում գիտեմ դեպք, որ գործող ոչ տեքստիլային արտադրություններից մեկը, որում ներգրավված է երեք հազարից ավելի աշխատող, կանխարգելիչ պատշաճ միջոցառումներ չի իրականացնում։

Մեծ իմաստով՝ այն ռեժիմում, որ այսօր ապրում ենք, շարունակելու ենք ապրել ևս մեկ ամիս, ու շատ կարևոր է, որ կառավարությունը չմոռանա իր սոցիալական պարտավորությունների մասին, մանավանդ որ նույնիսկ համեստ հաշվարկներով ընդունված տասը հակաճգնաժամային փաթեթներն անտեսել են շուրջ 200 հազար մարդու, որոնք օրավարձով աշխատողներ են, տաքսիստներ կամ որոշակի վարկային ու հարկային պրոբլեմներ ունեցող ՓՄՁ-ներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել