Ըստ հոգեբանների՝ առաջին տպավորության ազդեցությունը բավականին երկար է պահպանվում։ Ամենազարմանալին այն է, որ այն շատ քիչ է կախված այն հանգամանքից, թե իրականում որքան լավն է մարդը։ Ամբողջ խնդիրը ժեստերը, միմիկան և ոչ վերբալ ազդանշաններն են, որոնք ուղարկում եք այլ մարդկանց։

Ներկայացնում ենք կոմունիկացիայի ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետ Լեյլ Լաուդեսի խորհուրդները, որոնց շնորհիվ կկարողանաք լավ տպավորություն թողնել ցանկացած մարդու վրա։

Ժպտացեք մի քիչ դադարով

Բոլորս էլ գիտենք, որ ծանոթության ժամանակ ժպիտը շատ կարևոր է, սակայն խոսքը չի գնում պլաստիկ ժպիտի մասին, որը հասարակ քաղաքավարություն է խորհրդանշում։ Լեյլ Լաունդեսը բացատրում է, թե ինչպես կարելի է լավ տպավորություն թողնել. սկզբում նայեք մարդու երեսին, սպասեք մի քանի վայրկյան և միայն դրանից հետո ժպտացեք։ Դադարը ձեր ժպիտն ավելի անկեղծ կդարձնի։

Երկար մի նայեք մարդու աչքերի մեջ

Հիմնվելով իր հետազոտության վրա՝ Լեյլ Լաունդեսը նշում է, որ երբ մեկը մյուսի աչքերի մեջ երկար է նայում, ապա դա կարող է ընկալվել որպես ագրեսիա։ Ծանոթության ժամանակ նա խորհուրդ է տալիս աստիճանաբար ավելացնել տեսողական կոնտակտը։ 60/40 կանոնն այստեղ շատ լավ է գործում. մարդու աչքերի մեջ նայեք ժամանակի մոտ 60%-ի ընթացքում։ Սա վերաբերում է ինչպես կանանց հետ ծանոթանալուն, այնպես էլ տղամարդկանց։

Ճիշտ դիրք ընտրեք

Նայեք չեմպիոն սպորտսմեններին կամ քաղաքական առաջնորդներին։ Դուք երբեք նրանց չեք տեսնի կախված ուսերով կամ աչքերով։ Հակառակը՝ նրանք միշտ հպարտ կեցվածք են ունենում և ժպտում են։ Այս կերպ նրանք ցույց են տալիս իրենց ինքնավստահությունը և ուրիշներին էլ ստիպում են հավատալ իրենց։ Մասնագետները նույնպես խորհուրդ են տալիս վարվել այս կերպ։

Ազատվեք անհանգիստ ժեստերից

Չկա այնպիսի ոչ վերբալ ազդանշան, որը կվկայի ձեր ստելու մասին։ Սակայն կան մի շարք հոդվածներ, որոնք պատմում են այն մասին, որ ձեռքերի անհանգիստ շարժումները որևէ բան թաքցնելու նշան են։ Շատ մարդիկ հավատում են այս կարծրատիպերին։ Դուք պետք է հաշվի առնեք այս ամենը և խոսակցության ժամանակ ոչ մի դեպքում չդիպչեք ձեր պարանոցին, երեսին, ականջներին, մազերին։

Հոգատարություն դրսևորեք

Ձեր հետաքրքրվածությունը կարող եք ցուցաբերել ոչ միայն ոչ վերբալ ազդանշաններ ուղարկելով։ Զրուցակցի վարքին և խոսքերին համապատասխան արձագանելով՝ դուք ավելի դրական տպավորություն կթողնեք և նրան ազդանշան կուղարկեք, որ ձեզ կարելի է վստահել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել