Հուրախություն մեր թշնամիների՝ մեր հասարակությունը բաժանվում է սևերի և սպիտակների:

«Ականված է հին աշխարհը... Զարհուրհելի են ցնցումները կյանքի բոլոր մարզերում: Ճգնաժամ են անցկացնում պետություն, տնտեսություն, կրոն, փիլիսոփայություն: Վերաքննության են դրված կյանքի բոլոր պրոբլեմները… Այլևս բեկվել է պատմության զարգացման գիծը, և սկսվել է սուր անկյունադարձը... Ամենուրեք՝ արևելքում թե արևմուտքում, հին թե նոր աշխարհում, գալիքի ահավորությունից խթանված՝ վերածնվում, հոգեպես երիտասարդանում են հին ժողովուրդները, ակտիվանում երիտասարդները»:
Գ. Նժդեհ

Չնայած մեր պատմական գիտության բազմադարյան ավանդույթներին և բարձր մակարդակին՝ վերջին տարիներին ոչ միշտ է պատշաճ ուշադրություն դարձվում Հայաստանի պատմության համեմատական վերլուծությանը: Այս հանգամանքը, ինչպես նաև ազգային-պետական քարոզչության բացակայությունը հանգեցրել են այն պատրանքի առաջացմանը, ըստ որի՝ մեր պատմությունը կազմված է բացառապես դավաճանություններից, երկպառակություններից, պարտություններից:

Մենք ամենևին էլ չենք պատրաստվում բացարձականացնել մեր պատմությունը: Այնտեղ կա այն ամենը, ինչը առարկայորեն լինելու է ցանկացած ժողովրդի պատմության մեջ՝ հաղթանակներ ու պարտություններ, հավատարմություն և դավաճանություն: Ճիշտ է, չեն եղել որոշ իրողություններ, որոնք եղել են ուրիշների մոտ: Օրինակ՝ կաթոլիկների և բողոքականների միջև 1582-1584թթ. մղված այսպես կոչված Քյոլնյան պատերազմից հետո Գերմանիայով մեկ տարածվեց կրոնական բախումների մի ամբողջ շարք, որի ընթացքում Պապի և Լյութերի հետևորդները հետևողականորեն ոչնչացնում էին միմյանց: Ավելին՝ բողոքականների «կուսակցությունը» կազմող լյութերականներն ու կալվինականները, կաթոլիկների հետ մարտերի ընդմիջումներում անգործ չէին մնում, այլ եռանդով բանավիճում էին աստվածաբանական նուրբ թեմաների շուրջ և ծեծում իրար մինչև վերջին շունչը: Այս օրինակը մենք բերեցինք ոչ նրա համար, որ նսեմացնենք ուրիշի պատմությունը, թեև պատմությունից շատ թե քիչ տեղյակ մեկը կմատնանշի, որ Հայաստանի պատմության մեջ այդպիսի անհեթեթություն չի եղել և չէր էլ կարող լինել: Ինչևէ, ցանկացած ժողովրդի պատմություն և ոչ վերջին հերթին գերմանականն արժանի է հարգանքի և ուսանելի է:

Մոտավորապես մեկուկես դար առաջ Ղրիմյան արշավանքի ժամանակ անգլիական ազնվականության ընտրանուց կազմված ինը հեծելազորային վաշտեր՝ լորդ Կարդիգանի գլխավորությամբ, ենթարկվելով բանակի հրամանատարի անմիտ հրամանին, առանց երկար մտածելու նետվեցին գրոհի ուղիղ ռուսական զորքերի կազմած «պայտի» մեջ: Սկզբում ռուսները հակառակորդի այդ հիմարությունից ապշեցին, բայց հետո կրակ բացեցին, և հարձակվողները ոչնչացվեցին: Այս դեպքը պատմության մեջ ստացավ «թեթև հեծելազորի հարձակում» վարկաբեկիչ անվանումը: Բայց բրիտանական բարձր հասարակությունը, պահպանելով ազգային շահերը, ձգտեց շուտ մոռանալ հրամանատարության այդ սխալը, և հետագայում էլ Բրիտանիայում այդ թեմային անդրադառնում էին միայն ազնվականության կարգապահության և հերոսության ենթատեքստում:

Երկրորդ պատրանքը, որ այժմ ջանասիրությամբ արմատավորվում է մեզ մոտ, պետական մտածողության բացակայությունն է, սեփական երկիրը ինքնուրույն և հաջողությամբ կառավարելու անկարողությունը: Նախ՝ նկատենք, որ պետականության հիմնական խնդիրներից մեկը հանդիսանում է ժողովրդի ինքնության և նրա հոգևոր, մշակութային և նյութական արժեքներ ստեղծելու կարողության պահպանումը: Հայաստանը միշտ գտնվել է ագրեսիվ երկրների շահերի խաչմերուկում, և առանց բարձր հոգևոր ու քաղաքական կրթվածության մենք վաղուց անհետացած կլինեինք: Մեր կրոնական և քաղաքական գործիչներին, ժողովրդի հետ միասին, հաջողվեց պաշտպանել թե՛ սեփական ինքնությունն ու ստեղծագործական կորովը, թե՛, ի տարբերություն իսրայելցիների, հայրենիքը: Եթե հայկական պետականության պատմությանը նայենք հատկապես այս հարթությունում, ապա կտեսնենք, որ Հայաստանը՝ որպես ինքնիշխան քաղաքակրթական միավորի, անընդմեջ գոյություն ունի շատ դարերի ընթացքում:

***

Միևնույն ժամանակ երրորդ հանրապետության պետական շինարարությանն ուղեկցում են ակնհայտ անհաջողություններ: Մասնավորապես, պետական կառուցվածքի հարցի քննարկման ժամանակ մեզանում, որպես կանոն, հիմնվում են եվրոպական կամ ամերիկյան փորձի վրա: Դա, իհարկե, օգտակար է. ուրիշի փորձն արժե ուսումնասիրել: Արևմուտքն ստեղծել է պետության և դեմոկրատիայի սեփական մոդելը: Բայց ոչ մի հասարակական համակարգ չի կարող հավակնել համընդհանրության և կատարելության: Բացի այդ, արևմտյան մոդելը, հատկապես նրա այժմյան բացարձակացման դեպքում արդեն ցուցաբերում է դեգրադացիային բնորոշ նշաններ, որոնք մեզ ծանոթ են «զարգացած սոցիալիզմի» ժամանակներից: Դրա հետ մեկտեղ այդ համակարգը հանդիսանում է արևմտյան երկրների պատմության բնական պրոյեկցիան: Այն ստեղծվել է արևմտյան հասարակության բարոյական, տնտեսական և այլ չափանիշների համաձայն և շատ բանով համապատասխանում է արևմտյան մարդու հոգեմտավոր բնութագրին: Շնորհիվ այդ համապատասխանության են ձեռք բերվում այն արդյունավետությունն ու դինամիկությունը, որոնցով իրավացիորեն հպարտանում է արևմտյան աշխարհը:

Բայց եթե «սառը պատերազմը» վերջանար «սովետների» հաղթանակով, և ամերիկացիներին սկսեին պարտադրել կոմունիստական կառավարման համակարգը, ապա նրանք արագորեն կթոշնեին: Նյույորքյան բորսայի փակման հետևանքով տնտեսությունը կքանդվեր, իսկ հաստոցներն ու գունավոր մետաղները կսկսեին իրացնել, օրինակ՝ Կուբայում փոխանակելով էժանագին շաքարի հետ: Կովբոյական սովխոզներում կսկսվեր անասունների գլխաքանակի կրճատում: Բնակչությունից բռնագրավված՝ սիրելի կենդանիների համար նախատեսված խնայողությունները կուղղվեին սովյալների օգտին, մասամբ Հայաստանի բյուջեի դեֆիցիտը ծածկելուն: Խելակորույս ամերիկացիները աշխատանք փնտրելու համար կնետվեին Մեքսիկա, բայց այնտեղ նրանց կկոչեին «գրինգո» և կվճարեին ավելի քիչ, քան սեփական մուլատներին: Միակ, բայց փոքր սփոփանքը յանկիների համար երևի կլիներ այն, որ, ասենք, Բուշին կամ Քլինտոնին կդատեին առանց բողոքարկման իրավունքի:

Իսկ եթե լուրջ, ապա հետխորհրդային երկրների մեծ մասում, այդ թվում՝ և Հայաստանում, տեղի է ունենում օտար կառավարման մոդելի պարտադրում: Ակնհայտ է, որ խորթ համակարգի պատճենումը սպառնում է սեփական ավանդական հիմքերի կորստով: Ինչպես գրում է Առնոլդ Թոյնբին, «ընդօրինակման թերությունը նրանում է, որ նա առաջարկում է ուրիշի փորձից փոխառված մեքենայական պատասխան, այսինքն՝ ընդօրինակման միջոցով մշակված գործողությունը չի ենթադրում սեփական ներքին նախաձեռնություն»: Իսկ ներքին նախաձեռնությունից զրկված հասարակությունն ունի համաշխարհային քաղաքակրթության լյումպենի վերածվելու բոլոր հնարավորությունները, և այդ բնույթի որոշ ախտանիշներ մենք, կարծես, արդեն ձեռք ենք բերել:

Գործելով մեզ համար օտար կառավարման համակարգում՝ մեր բոլոր ջանքերը՝ ուղղված երկրի հզորացմանը, նախօրոք դատապարտված են ձախողման: Դա ապացուցվում է ինչպես վերջին տասնամյակների պրակտիկայով, այնպես էլ՝ պատմական փորձով:

Դրա հետ մեկտեղ Հայաստանը, լինելով արժեքներ արարող ու տարածող և գտնվելով Արևելքի ու Արևմուտքի սահմանագծին, միշտ հանդիսացել է կամուրջ, մի տեսակ թարգմանիչ տարբեր քաղաքակրթությունների համար: Դրանում է, թերևս, հանդիսանում մեր առաքելությունը, և այստեղ է ի հայտ գալու մեր ներդրումը ազգերի համաշխարհային ընկերակցության ներդաշնակման գործում: Իսկ դրա համար, նվազագույնը, հարկավոր է չկորցնել սեփական ինքնությունն ու յուրօրինակությունը:

Հ.Գ. Բայց մենք, կարծես, շարունակում ենք կապկելու ուղին՝ մեր ձիրքերն ու եռանդը սպառելով ներքին պայքարներում: Հուրախություն մեր թշնամիների՝ մեր հասարակությունը բաժանվում է սևերի և սպիտակների, որին զուգահեռ մեծանում է արտաքին վտանգը և այդ վտանգին դիմակայելու օրվա իշխանության անհամարժեքությունը:

©️ Վահե Հայկունի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել