Վարչապետն իր ելույթի վերջում, ըստ էության, հայտարարեց, որ եթե ջերմություն չունեք, ուրեմն՝ կորոնավիրուս չունեք: Մեջբերում եմ. «Եթե ձեզ մոտ ջերմաստիճանի որևէ երևույթ չկա, այսինքն, եթե նույնիսկ կասկածում եք, օրվա մեջ մի քանի անգամ ջերմաստիճանը չափեք, եթե ստաբիլ ջերմաստիճանը չի բարձրանում, ուրեմն՝ որևէ խնդիր չկա: Իսկ եթե բարձրանում ա, պարտադիր չէ՝ կորոնավիրուս լինի...»:

Հայտնի է, հաստատված է, հարյուրավոր անգամներ արդեն հայտնվել է ամենահեղինակավոր բուժհաստատությունների և կառավարությունների կողմից, որ հիվանդների մի մասը որևէ, կրկնում եմ, որևէ ախտանշան չունի և չի դրսևորում, հատկապես բազում երիտասարդներ և երեխաներ: Եվ դրանում է նաև այս վարակի մեծ վտանգավորությունը: Հիվանդների այդ խումբը միաժամանակ հանդիսանում է վարակիչ վարակվելուց գրեթե անմիջապես հետո, մի մասն էլ ջերմություն է ունենում վարակվելուց և վարակիչ լինելուց բավական ժամանակ` օրեր հետո միայն:

Այս վտանգավոր ապատեղեկատվությունը մեկի կողմից, որ մի խումբ մարդկանց համար գերկուռք է և «հավաստի» տեղեկատվության միակ և սրբազան աղբյուր, ցույց է տալիս այս կառավարության ծայրահեղ ոչ կոմպետենտությունը: Տպավորություն է, թե հանուն վարակի վտանգավորությունը պարտակելու, խուճապից պաշտպանվելու և վիճակը մեղմ գույներով ցուցադրելու պատրաստ են բացահայտ ապակողմնորոշիչ ստի, կամ էլ ուղղակի տարրական գրագիտություն չկա իշխանությունում, որպեսզի հետևեն համաշխարհային հեղինակավոր հետազոտողներին և կորոնավիրուսի մասնագետների հայտնած տվյալներին, ու եթե վարչապետն ինքը գրագետ աղբյուրների չի հետևում և սխալ ինֆորմացիա է ստանում, զեկուցեն իրեն, որ ապատեղեկատվություն չտարածի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել