Մեր խնդիրների մի ստվար հատված գալիս է նրանից, որ բանակում չծառայածները զբաղված են բանակի հարցերով, չամուսնացածները զբաղված են ընտանեկան հարցերով, օտարերկրյա պետություններից փող ստացողները՝ ազգային անվտանգության ու պաշտպանության հարցերով: Ինձ թվում է` հասարակությանը նետված տեսարանները շատ արհեստական են, հանրային դիսկուսը «պլինտուսի» մակարդակից ցածր: Կարևորություն ներկայացնող շատ ավելի լուրջ հարցեր կան, քան բուկլետը, այն պատռելը կամ սոցիալական ցանցերում պետություն սիրող, աշխատող մարդու կերպար ստեղծելը: Քարոզչությունը շատ կարևոր է, դրական ֆոն ստեղծելը՝ ևս, բայց այն պետք է ունենա չափ, սահման, տեղ ու ժամանակ:

Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության լավագույն PR-ը կլինի, Երևանից, Գյումրիից, Իջևանից և Ագարակում կառուցվող մեկ շենքից բացի, նախկին շրջկենտրոններում բազմաբնակարանների կառուցումը խրախուսելը: Մարզերում մարդիկ իրենց քվեն վաղուց տվել են ու սպասում են այգիների, շենքերի, ՏՏ կենտրոնների, աշխատատեղերի բացմանը: Այս ջանասիրությամբ մարզեր գնացող ու բուկլետներ բաժանող մեր պատգամավորները թող իրենց ստացած պարգևավճարները հավաքեն մեկի մոտ ու Թումանյան, Արթիկ կամ Ճամբարակ համայնքում ՏՏ կենտրոնի բացում ֆինանսավորեն: Որքան գիտեմ, այս տարի արդեն 3 անգամ պարգևավճար եք ստացել, մեկի փողն ուղղեք փոքր մի համայնքի, թե չէ բուկլետ բաժանելով երկիրը չես փոխի։ Հա, հաճելի է, որ մարզերում շատ եք լինում, ճանապարհների առումով հրաշալի տեղաշարժեր կան, բայց չէ՞ որ ժամանակ չկա, օր-օրի դատարկվում են մարզերը, դուրս են գալիս երիտասարդները, որոնց այնտեղ պահելու համար ժամանակակից կյանքով ապրելու պայմաններ են պետք: Երեկոյան ժամերին անելու ոչինչ չկա, չկա այգի, չկա ժամանցի կենտրոն, չկա ոչինչ, ու կա, այսպես ասած, ամեն ժամ հզորացող Հայաստանի քարոզ, մարդիկ սկսում են ման գալ այդ Հայաստանը, որն իր համայնքից հեռու ինչ-որ տեղ է, բայց հաստատ իր համայնքը չէ ու այսպես ստեղծվում է պատրանք, թե այնտեղ ավելի լավ է, քան մեզ մոտ։ Հետևանքը կռահում եք արդեն:

Մի գերագնահատեք քարոզչության հնարավորությունները, Ադրբեջանը 20 տարի քարոզեց, որ մենք սոված ու կիսազինված ենք, եկան, քթներին կերան, Գեբելսը գերմանացիներին ներշնչում էր, որ բարձր են մյուսներից, էլի քթներին կերան։ Մոռացեք նախկիններով մարդկանց վախեցնելը, դա այլևս չի աշխատելու, երկրի մասին Ֆեյսբուքից դուրս մտածել է պետք, միջին ու բարձր օղակները պետք է դադարեն Փաշինյան դառնալու մոլուցքով տառապելուց։ Եթե ուզում եք ձեր լիդերին օգնել, գործ արեք, մի քիչ Պապիկյան եղեք: Խառը ստացվեց, ոչինչ, երկուշաբթի է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել