Երեկ Բերնի Սանդերսի քարոզարշավի ժամանակ հակառակ ճամբարի համակիրներից մեկը ֆաշիստական դրոշ բացեց Սանդերսի ֆոնին: Սանդերսը բրուքլինյան հրեա է` ամերիկյան հրեաների ամենավառ համայնքի ներկայացուցիչ, թեև Իսրայելում, պաղեստինյան հարցում նրա դիրքրոշման հետ կապված, նրան քիչ են ընդունում:

Հրեաների համար սվաստիկան և նացիստական դրոշը նույնն են, ինչ հայերի համար Թալեաթի և մյուս երիտթուրքերի լուսանկարներն ու սիմվոլիկան: Սարսափելի ցածր և անընդունելի արարք է դրոշի միջադեպը, բայց Սանդերսը դրան հանգիստ վերաբերվեց: ԱՄՆ-ում քաղաքական ռադիկալ, հաճախ քաղաքավարական կամ մարդկային առումով լիովին անընդունելի բողոքի մշակույթ կա: Համարվում է, որ ազատ խոսքի իրավունք է:

Եվրոպայում տասնյակ անգամներ ամենատարբեր քաղաքական գործիչների վրա ձվեր են նետել, ամենատարբեր հեղուկներ լցրել: Ֆրանսիական վերջին նախագահներին բազմիցս շարքային ֆրանսիացիները մերժել են ձեռք սեղմել, դեմքին հայհոյել են: Օրեր առաջ նախագահ Թրամփը հրաժարվեց Կոնգրեսի առաջնորդ Նենսի Փելոսիի ձեռքը սեղմել, Փելոսին ի պատասխան` հրապարակայնորեն պատռեց Թրամփի ճառի տեքստը:

Քաղաքական առաջնորդները, հատկապես երկրի ղեկավարները տնօրինում են հասարակ քաղաքացիների կյանքն ու ճակատագիրը: Դեմոկրատիայի մասին դատարկ դոգմաներից եթե վերանանք, դա այդպես է: Պետության ղեկավարները բացառիկ անուղղակի կամ երբեմն ուղղակի ազդեցություն են ունենում իրենց երկրի յուրաքանչյուր քաղաքացու կյանքի վրա: Այդպես է ամենուր: Եվ քաղաքացիներն իրավունք ունեն իրենց բողոքն արտահայտելու, եթե դա բռնությամբ չի դրսևորվում և Սանդերսի հետ պատահած դրոշի միջադեպի եղկելիության և ստորության աստիճանի չէ:

Թուղթ պատռելն ու ձեռքերին նետելը նույնպես բողոք է: Ու դրանում գռեհկություն, ստորություն, անդաստիարակություն փնտրել պետք չէ: Չարժե պապից ավելի կաթոլիկ լինել և ճապոնական քաղաքավարություն ակնկալել Հայաստանում: Իմ նախընտրած բողոքի գործիքը խոսքն է և առանց հայհոյանքի, բայց թուղթ պատռել-շպրտելը ո՛չ տակտի և ո՛չ քաղաքակրթության հետ կապ չունի: Եվ այս պարագայում կարևոր չէ՝ նախկին նողկալի ռեժիմի համակիր է բողոքող կինը, թե անկախ ընդդիմադիր, որ դեմ է այս իշխանությանը:

Ստեղծված հանրային քաոսի պայմաններում հատկապես ոչ ստանդարտ և ոչ բռնի բողոքը նորմալ հանգամանք է: Եվ վարչապետին էլ չարժե դրվատել նման կերպ արձագանքելու համար: Ի՞նչ պետք է աներ: Չեմ կարծում, թե զուգարանում ծեծել-սպանելն իր դեպքում արձագանքի հնարավոր տարբերակ կարող էր լինել: Գովելի է, որ վարչապետն ակնհայտորեն հասկանում է, որ իր պաշտոնը՝ մի կողմից, իսկ մյուս կողմից՝ քաղաքական վարքագիծը ենթադրում են և նման արձագանքներ:

Ինչ-որ եվրոպացի կարող էր և իրեն թույլ տալ իր երկրի ղեկավարի դեմքին շպրտել: Բավական արտիստիկ ուղևորն իր բողոքը հետաքրքիր շարժումերով արտահայտեց: Բայց այդ բողոքն այլ, ավելի կարևոր առաքելություն կատարեց: Համազգային ուռճացված կուռքի կարգավիճակի հասցված անհատներին երբեմն օգտակար են այն ոչ շատ հաճելի միջադեպերը, որոնք մի փոքր իրականություն են բերում ամպային թռիչքին և մարդուն ցույց տալիս, որ սեփական երկիրը միայն կռապաշտների ժողովարան չէ, և որ կան մարդիկ, որոնք անհամաձայն են և ձայն ունեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել