«Իրատես» թերթը գրում է. «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի շուրջ բորբոքված կրքերին զուգահեռ առողջապահության նախարարությունը կառույցի նոր տնօրեն նշանակեց։ Շուրջ 8 օր է այս կենտրոնը ղեկավարում է Արթուր Բերբերյանը։ Մինչ համայնքներում խոշորացման ծրագիրն իրականացվում է փուլ առ փուլ, «մի վնասիր» սկզբունքը պահելով, առողջապահությունում խոշորացումը խոշոր «լոքերով» է առաջ գնում՝ առաջացնելով մասնագետների բողոքի զանգվածային ալիք։ Եվ այսպես, համայնքներում, ծննդատների լուծարումից եւ խոշոր կլինիկաներին միացնելուց հետո, հերթը ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնինն է։ Իհարկե, այս կենտրոնի միավորումը «Նորք» ինֆեկցիոն ԲԿ-ին բազմաթիվ հարցեր է առաջացրել։ Առողջապահության նախարար ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ հարցրինք՝ այս կենտրոնի ֆինանսավորման չափը միավորվելուց հետո փոփոխվելու՞ է, թե՞ ոչ։

«ԿՆԵՐԵՔ, ԱՅԴ ՀԱՐՑԻՆ ՉԵՄ ԱՆԴՐԱԴԱՌՆԱԼՈՒ»

-Կենտրոնի ֆինանսավորումը նույն չափով պահպանվելու է,- եղավ պատասխանը։

-Աշխատակիցների թիվն է՞լ է պահպանվելու։

-Բժշկական անձնակազմի թիվը պահպանվելու է։ Գուցե հետագայում նաեւ ավելանա կամ պակասի, սակայն այս պահին փոփոխությունների մտադրություն չկա։

-Պարոն նախարար, եթե եւ՛ ֆինանսավորման չափը, եւ՛ բուժական անձնակազմի թվաքանակը չեն փոխվելու, ամեն ինչ նույն ձեւով պահպանվելու է, ո՞րն է այդ երկու կենտրոնների միավորման նպատակը։

-Բազմիցս պատասխանել եմ միավորման նպատակահարմարությանը եւ ֆունկցիաներին վերաբերող հարցերին։ Այնպես որ, կներեք, այդ հարցին չեմ անդրադառնալու։

«ԱՄԲԻՑԻԱՅԻ ԽՆԴԻՐ ԿԱ՝ ՆԱԽԱՐԱՐԸ ԻՐ ԽՈՍՔԻՑ ՉԻ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ»

Քանի որ նախարարը չցանկացավ անդրադառնալ մեր այս հարցին, փորձեցինք այն ճշտել ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի համաճարակաբանական հսկողության բաժնի վարիչ ԱՐՇԱԿ ՊԱՊՈՅԱՆԻՑ։

-Պարոն Պապոյան, մեզ հետ զրույցում ներկայացաք որպես բաժնի նախկին վարիչ, դա նշանակում է, որ աշխատանքից ազատման Ձեր դիմումը մակագրվե՞լ է։

-Ոչ, ինչպես իմ, այնպես էլ 107 աշխատակցից 88-ի աշախատանքից ազատման դիմումները չեն մակագրվել։

-Իսկ նորանշանակ տնօրենը կո՞ղմ է, թե՞ դեմ այս միավորմանը։

-Մենք խոսել ենք նորանշանակ տնօրենի հետ, ներկայացրել ենք մեր մտահոգություններն ու բացասական դիրքորոշումը։ Սակայն չենք կարծում, որ նա կիսում է մեր տեսակետը։ Ավելին, կարծում ենք՝ նա ժամանակավոր է ստանձնել տնօրենի պաշտոնը, նշանակվել է, որպեսզի այս միացումը արագ իրականացնի։

-Կարծիք կար, որ միավորումը իրականացվում է տնօրեն փոխելու նպատակով, սակայն այս տարվա փետրվարի 26-ից կենտրոնը ղեկավարում է նորանշանակ տնօրենը։ Հետեւաբար, միավորման նպատակը տնօրեն փոխելը չէր։ Եթե այս հարցը դիտարկենք զուտ ենթադրությունների դաշտում, իրականում ի՞նչ նպատակ է հետապնդում այս միավորումը, ո՞րն է շահը։

-Որեւէ տրամաբանական գաղափար չենք տեսնում։ Երեւի թե ամբիցիայի խնդիր կա՝ նախարարը ասել է՝ պետք է միավորել եւ իր խոսքից չի ցանկանում հրաժարվել։ Գուցե խոշորացումների միջոցով փորձ է արվում կառավարելի դարձնել ֆինանսական հոսքերը։ Երեւի կհիշեք՝ 2002-2003-ին առողջապահությունում եւս խոշորացման գնացին՝ ստեղծվեցին բուրգեր, որոնք հետո փլուզվեցին։ Ի դեպ, այդ ժամանակ մեր կենտրոնը եւս միավորվեց «Նորք» ինֆեկցիոն ԲԿ-ին։ Սակայն գործընթացը չարդարացվեց, եւ որոշ ժամանակ անց կենտրոնը նորից առանձնացվեց։ Հիմա ի՞նչ, պետք է միավորեն, եղածը քայքայեն, հետո նոր հասկանան սխալը, ինչն ուղղելու համար տարիներ են պետք։

-Պարոն Պապոյան, նախարարը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ միավորումից հետո ֆինանսավորման եւ աշխատողների թվի կրճատում չի լինի։ Եթե ամեն ինչ պահպանվելու է նույն ձեւով, միավորման նպատակը ո՞րն է։

-Այս հարցը մեզ եւս հետաքրքրում է. նախարարը միավորման հիմքում կարեւորում է աշխատանքի արդյունավետության բարելավումը, սակայն, երբ հարցնում ենք՝ ի՞նչն է, որ բարելավման կարիք ունի, մեր հարցը մնում է անպատասխան։ Ի դեպ, նախարարը ապատեղեկատվություն է տարածում, ասելով, թե միավորումն արվում է միջազգային փորձից ելնելով, սակայն չի ասվում, որ այն երկրներում, որտեղ նման միավորում է եղել, ՄԻԱՎ-ի վարակի տարածումը մեծացել է։ Երեւի այս փաստը միտումնավոր է շրջանցվում։ Ներկայացվում է նաեւ, որ մեր կենտրոնի սարքավորումներով կհետազոտվեն «Նորք» ինֆեկցիոն կենտրոնի հիվանդները, սակայն չի ասվում թե ինչպես է իրականացվելու հիվանդի տեղափոխումը՝ սանավիացիայո՞վ թե՞ շտապօգնությամբ։

-Ի դեպ, ձեր կենտրոնը մահճակալներ չունի, եւ մինչեւ անցած տարի բուժառուները ստացիոնար բուժում ստանում էին «Արմենիկում» ԲԿ-ում։ Հիմա, երբ «Արմենիկում» կենտրոնը լուծարվեց, ինչպե՞ս է լուծվելու այդ խնդիրը, գուցե սա՞ է նաեւ միավորման պատճառը։

-Նախ նշեմ, որ աշխարհում ՄԻԱՎ վարակի բուժումը իրականացվում է ամբուլատոր։ Ինչ վերաբերում է հոսպիտալացմանը, ապա ճիշտ նկատեցիք, առաջ, անհրաժեշտության դեպքում, հիվանդները հոսպիտալացվում էին «Արմենիկում» ԲԿ-ում, եւ այն լուծարելուց հետո հոսպիտալացումն իրականացվում է «Նորք» ԲԿ-ում։ Հոսպիտալացվածների թիվը շատ փոքր տոկոս է կազմում։ Օրինակ, 2019-ին 2500 բուժառուների 2,5 տոկոսն է կարիք ունեցել ստացիոնար բուժման։ Այսինքն, առանց միավորման էլ այդ խնդիրը լուծված է»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես»  թերթի՝ 06.03.20թ. համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել