Փետրվարի 28-ին հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերությունը սահմանադրական հանրաքվեի թեմային հատկացրել է 71 րոպե, որից 1 րոպե հատկացվել է «ՈՉ»֊ի քարոզչական կողմին, 21 րոպե՝ «ԱՅՈ»-ի կողմնակիցներին, իսկ 49 րոպե՝ չեզոք դիտարկումներին։ Հանրայինի եթերում ցուցադրվել են նաև «ԱՅՈ»-ի և «ՈՉ»֊ի քարոզչական հոլովակները՝ յուրաքանչյուրը մինչև 1 րոպե տևողությամբ։

Հանրային հեռուստաընկերությունը երկու օր է՝ ցուցադրում է «ԱՅՈ» տարբերանշանի մասին պատրաստված ռեպորտաժը (10 րոպե)։ Փետրվարի 27-ի եթերի մշտադիտարկման արդյունքների իր վերլուծականում «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն արձանագրել էր, որ Հանրային հեռուստաընկերությունն այդ ռեպորտաժով «ԱՅՈ»-ի քարոզ է իրականացնում, և փաստել էր, որ, ի հակառակ այդ ռեպորտաժի, առանձին ռեպորտաժ չի պատրաստվել «ՈՉ» քարոզչական կողմի մասին։

Եթեր է տրամադրվել ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանին, որն, անդրադառնալով Սահմանադրական դատարանին, ասել է, որ այն սխալ որոշում է կայացրել ԲԴԽ֊ի հետ կապված։ Հակառակ որևէ կարծիք ներկայացված չէ։ Սա ևս մասնագիտական էթիկայի խախտում է և հանրաքվեին նախորդող ժամանակահատվածում ՍԴ֊ի դեմ նման միակողմանի հարցազրույցի անցկացումը ևս կարելի է դիտարկել իբրև «ԱՅՈ»֊ի քարոզչություն։

Հեռարձակվել է նաև «Խաղի կաննոներ» հաղորդաշարը, որի հյուրերն են եղել մեդիափորձագետ Գեղամ Վարդանյանը, լուսանկարիչ Վաղինակ Ղազարյանը, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը և Գորիսի մամուլի ակումբի նախագահ Սուսաննա Շահնազարյանը։ Բանախոսները եղել են չեզոք և որևէ կողմի նախապատվություն չեն տվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել