Մարտի 1-ի երթն անթույլատրելի, աններելի, անպատասխանատու արարք է, որը տեսականորեն լրջագույն սպառնալիք է: Երբ հարևան Իրանում ահռելի և այլևս անկառավարելի համաճարակ է (ըստ BBC-ի սեփական հետաքննության արդյունքների` շուրջ 200 մահերով, որ շատ ավելի բարձր թիվ է, քան պաշտոնական տվյալները), իսկ Հայաստանում մեծ է հավանականությունը, որ արդեն վարակվածներ կարող են լինել, կազմակերպել և անցկացնել մասսայական այդպիսի միջոցառում ուղղակի անթույլատրելի է: Հարավային Կորեայում վարակը հենց այդ միջոցով զանգվածային միջոցառումների ժամանակ է տարածվել: Այնտեղ քրիստոնեական հայտնի աղանդը, չանսալով իշխանությունների հորդորին, մասսայական հավաք էր անցկացրել, որի ժամանակ էլ վիրուսը տարածվել էր:

Հայաստանում իշխանությունն ինքն է դրանից շատ ավելի մեծ հավաք անցկացնում: Հուսանք, որ դրա մասնակիցներից ոչ մեկը վիրուսակիր չի լինի, բայց կարո՞ղ է արդյոք որևէ մեկը երաշխավորել դա: Իհարկե ոչ:

Եթե երթը տեղի չունենար, ոչինչ չէր լինի: Ուղղակի տեղի չէր ունենա ողբերգությանը նվիրված հուշ-քայլերթ, որն այս պարագայում արդեն անպատասխանատու ռիսկայնությամբ սնապարծ ամբոխավարության արտահայտման է վերածվում: Փոխարենը ստանում ենք բարձր ռիսկայնությամբ մի միջոցառում, որն, ըստ էության, նաև դեմ է Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին կոչերին` ամենուր սահմանափակել կամ չեղարկել բոլոր մասսայական միջոցառումները:

Վարչապետի «թու-թու-թու»-ները վիրուսի լուռ կամ բացահայտ հնարավոր տարածումը դժվար թե կարողանան կանխել:

Ռիսկերն ահռելի են, և հանուն ինչի՞ է այս իշխանությունը գնում դրան...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել