Hetq.am-ը գրում է․

ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս երկու ամսով։ Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան՝ ասաց Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։ Որոշումը հրապարակել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը:

Նշենք, որ Գագիկ Խաչատրյանը կալանքի տակ է արդեն 6 ամիս։ ԱԱԾ-ն նրա կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը ներկայացրել էր օրեր առաջ։ Խափանման միջոցի հարցի քննության ժամանակ Խաչատրյանի պաշտպանները գրավի միջնորդություն են ներկայացրել դատարան, որը, սակայն, մերժվել է։ Դատախազությունից «Հետք»-ի հարցին ի պատասխան՝ հայտնեցին, որ որպես գրավի չափ պաշտպանական կողմն առաջարկել է 7.5 մլրդ դրամ։

Առանձնապես խոշոր չափի վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առթիվ քննվող գործով, որով Գագիկ Խաչատրյանն անցնում է, մեղադրյալ է նաև վերջինիս եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը, որը հունվարի 23-ին առաջին ատյանի դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել։ Դատախազությունը, սակայն, այս որոշումը բողոքարկել էր դատարան, և այն բեկանվել է։ Այս պահին Կարեն Խաչատրյանը ևս կալանքի տակ է։

ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ վերը նշված քրեական գործով անցնում են նաև ՊԵԿ-ի և ֆինանսների նախարարության այլ նախկին պաշտոնատար անձինք։

Գագիկ Խաչատրյանն ու եղբորորդին վերը նշված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են 2019-ի  օգոստոսի 27-ին։ Պաշտպան Երեմ Սարգսյանը բազմիցս բարձրաձայնել է այն մասին, որ Խաչատրյանն առողջական լուրջ խնդիրներ ունի, բուժման և վիրահատության կարիք ունի։ Պաշտպանը ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ասել է,որ Խաչատրյանին վերագրվում է շուրջ 7 մլրդ դրամ գումարի յուրացում և վատնում:  Թեև նա մեղադրանքը չի ընդունում՝ այս գումարից որոշ մաս՝ շուրջ 230 մլն դրամ փոխանցվել է ԱԱԾ դեպոզիտ հաշվին: Երեմ Սարգսյանը վերջերս՝ Վերաքննիչ դատարանում Խաչատրյանի կալանքի հարցով նիստերից մեկի ժամանակ հայտարարել էր, որ Խաչատրյանի հարազատները պատրաստ են հանուն նրա առողջության դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցել նրան վերագրվող ամբողջ գումարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել