Օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանը հրաշալի է հանդես եկել Դրեզդենի օպերային թատրոնում կայացած համերգին` «SemperOpernball»-ին՝ կատարելով Տատյանայի արիան` Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայից:

Սպասված համերգային երեկոն տեղի է ունեցել փետրվարի 7-ին՝ իր շուրջ համախմբելով հեղինակավոր արվեստագետների աշխարհի տարբեր երկրներից:

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Մարգարիտ Սարգսյանը Մանթաշյանի ելույթից մի հատված հրապարակել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Իսկապես փայլուն ելույթ էր: Ապրես… Մեր դպրոցն է»,-գրել է նա:

Համերգին, Ռուզան Մանթաշյանից բացի, ելույթ են ունեցել ջութակահար Պավել Միլյուկովը, սոպրանո Յուլիա Մուզիչենկոն, դաշնակահար Ալեքսանդր Կաշպուրինը, տենոր Յուսիֆ Էյվազովը և այլք:

Հունվարի 13-ին համացանցում լուրեր էին տարածվել այն մասին, որ ազգությամբ ադրբեջանցի օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովը «քաղաքական նկատառումներից ելնելով»՝ հրաժարվել էր ելույթ ունենալ Ռուզան Մանթաշյանի հետ, և երգչուհու ելույթը չեղարկվել էր: Համերգային երեկոյի կազմակերպիչները սկզբում հերքում էին, որ Մանթաշյանին հրավիրել են մասնակցելու համերգին: Չնայած ստեղծված բարդ և խճճված իրավիճակին, Ռուզան Մանթաշյանը, որը պնդում էր, թե իր մասնակցության վերաբերյալ բանակցություններ են եղել, հաղթեց և նա կրկին հրավիրվեց ելույթ ունենալու: Ի պաշտպանություն Ռուզան Մանթաշյանի հանդես եկան բազմաթիվ հայտնի և հեղինակավոր գործիչներ, բարձրացավ միջազգային մեծ աղմուկ: Հայաստանի խորհրդարանը անգամ նամակ հղեց Գերմանիայի Բունդեսթագին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել