Tert.am-ը գրում է.
Լավ եք անում՝ պայքարում եք, բայց օրենքով պայքարեք. օրենքի խախտումները մի կուտակեք ձեզ վրա, որ հետագայում սկսվի մի գործընթաց, որի տուժողը դուք չեք, Պողոսը չէ, Պետրոսը չէ, Հայաստանի Հանրապետությունն է: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարիոն Սիմոնյանը՝ արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանին:
«Վահագն Հովակիմյանի ելույթում չտեսա բերված նախագծի որևէ իրավական հիմնավորում: Այո, լրագրողական ելույթ էր, միգուցե որոշակի պատմական ելույթ: Արդյո՞ք մենք պատմական կամ լրագրողական ելույթներով կարող ենք հիմնավորել սահմանադրական փոփոխությունները: Պայքարը, նպատակը հասկանալի է, ըմբռնելի է, բայց արդյո՞ք այն մեթոդները կամ միջոցները, որոնք ձեր կողմից օգտագործվում են, մակերեսային չեն: Իմ խորին համոզմամբ՝ մակերեսային են, որովհետև դրանց արդյունքում դուք շատ իրավական դրույթներ անտեսում եք, խախտում եք, և հետագայում այս ամբողջ պրոցեսը պետք է իր վրա կրի այդ խախտումները, և չեք կարողանալու դրա տակից դուրս գալ»,-ասաց Սիմոնյանը:
Նա նշեց՝ իշխանության ներկայացուցիչներն առաջին կուրսի իրավաբանի մակարդակով բացատրել են խախտումները. «Գիտեք, չեք ուզում ընկալել: Ո՞րն է պատճառը, մի՞թե կարելի է նման մակերեսային վերաբերմունք դրսևորել սահմանադրական փոփոխություններին»,-նշեց նա՝ հարցնելով, թե խորհրդարանական մեծամասնությունն ինչո՞ւ է խուսափում համակարգային մոտեցումներից:
Սիմոնյանի խոսքով՝ իշխանության ներկայացուցիչներն անընդհատ նշում են, թե բոլորը մեղավոր են. «Բայց միգուցե նաև ներս նայենք, տեսնենք՝ կարո՞ղ է ձեր ընտրած միջոցներն են սխալ: Ինչո՞ւ հարցականի տակ չեք դնում ձեր ընտրած միջոցները: Բոլորը մեղավոր են՝ բացի ձեզնի՞ց»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



