Իսրայելապաղեստինյան հիմնախնդրի կարգավորմանը նվիրված ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հեղինակած «Դարի գործարքը» և հենց այս պահին դրա հրապարակումն առավելապես ներամերիկյան և ներիսրայելական օրակարգերին են միտված, քան բուն հակամարտության կարգավորմանը:

Մի քանի կարևոր դիտարկում՝ ի լրումն վերոնշյալ դիտարկման․

1․ Ցանկացած հակամարտության կարգավորման գործընթացում որևէ միջնորդի արդյունավետ դերակատարության առաջնային նախապայման է առնվազն հավասարակշռված վարքը: ԱՄՆ-ի գործող վարչակազմի բացահայտ իսրայելամետ դիրքորոշումը ոչ մի կերպ չի կարող նպաստել նրա կողմից ներկայացված որևէ ծրագրի հաջող իրացմանը:

2. «Դարի գործարքի» հիմքում պայմանականորեն «Փող հայրենի տարածքների դիմաց» սկզբունքի տրամաբանությունն է, որն, ըստ էության, անընդունելի է պաղեստինյան բացառապես բոլոր կազմակերպությունների համար:

3. Ծրագրի՝ ներկա ժամանակահատվածում հրապարակելու հանգամանքը պայմանավորված է ներիսրայելական քաղաքական գործընթացներում ամերիկյան վարչակազմի գլխավոր գործընկեր Բենյամին Նեթանյահուին աջակցելու միտումը ներքաղաքական խրթին պայքարում և նախընտրական շրջանում: Այս հարցում իր անուրանալի վաստակն ունի նաև «գործարքի ճարտարապետ» հանդիսացող ԱՄՆ նախագահի փեսա և ավագ խորհրդական Ջարեդ Քուշները, ով մանկության տարիներին հաճախ է գտնվել Նեթանյահուների տանը: Հետաքրքիր զուգադիպությամբ ամերիկյան ծրագրի հրապարակումը համընկավ Իսրայելի կառավարության իրավախորհրդատու Ավիհայ Մանդելբիտի կողմից Նեթանյահուին առնչվող 3 քրեական գործերը դատարան ուղարկելու որոշման հետ:

4. Տարին ընտրական է նաև ԱՄՆ-ում: Նման քայլով Դ. Թրամփը փաստացի երաշխավորում է հրեական և ավետարանչական ընտրազանգվածի հիմնական հատվածի (բացի ակնհայտ ձախականներից) աջակցությունը:

5. Հիմնախնդրին առնչվող հիմնական արաբական երկրներն արդեն իսկ դեմ են արտահայտվել ամերիկյան ծրագրին:
Մեծ հավանականությամբ նման դիրքորոշում կդրսևորեն նաև այլ միջազգային դերակատարներ:

6. Իսրայելապաղեստինյան հիմնախնդրի կարգավորման միակ առարկայական բանաձևը շարունակում է մնալ «Երկու պետություն, երկու ժողովրդի համար» սկզբունքը՝ բազմիցս ամրագրված ՄԱԿ ԱԽ-ի մի շարք բանաձևերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել