Չինաստանում մոլեգնող թագակիր վիրուսն առաջացել է այդ վիրուսով վարակված չղջիկների ու օձերի միսը ուտելու հետևանքով։ Այնպես որ, Հայաստանում ճիշտ ժամանակին է բարձրացվել միայն սպանդանոցային մորթի մսեղենը բնակչությանը մատակարարելու հարցը։

Հարցը հասկացանք, որ շատ կարևոր է։ Սակայն այն լուծումները, որ տրվել են և կամ կտրվեն այդ հարցին, իմ համոզմամբ՝ ոչ մի դրական արդյունք չեն կարող ապահովել, որովհետև այդ, այսպես կոչված, մի քանի տասնյակի հասնող սպանդանոց կոչվող որջանման կառույցներն անսահմանորեն հեռու են իրական սպանդանոց լինելուց։
Դրանք այդ տեսքով ու այդ կահավորմամբ, ինչը առկա է այսօրվա դրությամբ, կվերածվեն վիրուսների բազմացման իրական օջախների։

Հիշեք, թե Սովետի տարիներին ինչպիսի երկու սպանդանոցներ կային Հայաստանում։ Մեկը Երևանում էր, իսկ մյուսը՝ Լենինականում։ Կոչվում էին մսի կոմբինատներ։ Անասունները մթերվում էին անասնապահներից և կենդանի վիճակում հասցվում էին այդ սպանդանոցները, որտեղ էլ սպանդանոցին վայել մորթ էր կազմակերպվում մսի հետագա համապատասխան տեխնոլոգիայով պահպանումով հանդերձ։

Եթե նոր բան եք կառուցում Հայաստանում, ապա բարի եղեք այն կառուցել ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխան, այլ ոչ թե գլխառադ արեք այն տեսքով, ինչ այդ սպանդանոց կոչվող ողորմելի որջերն են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել