Այսօր Մարալիկի ծննդատան փակվելու դեմ բողոքի դուրս եկած մարդիկ դիմել են ծայրահեղ քայլի՝ փակելով միջպետական ճանապարհը: Իրականում մարալիկցիների պահանջն արդարացի է, և մեկ տարի առաջ, երբ ես ասում էի, թե պետք է մարզից լինի ընդդիմադիր պատգամավոր, որպեսզի յուրաքանչյուր խնդրի համար կռիվ տա և իշխանություններից պահանջի քաղաքացիների համար նպաստավոր որոշումներ, քչերը եղան համակարծիք: Իսկ իշխանական պատգամավորի թեկնածուները հակադարձում էին, թե իրենցից լավ ոչ մեկ մարզի խնդիրներից տեղյակ չէ, և հենց իրենք հարցերը կբարձարաձայնեն ու կլուծեն: Ցավով պետք է նշեմ, որ իշխանական թեկնածուներից երկուսի հետ եմ մասնակցել բանավեճի, և նրանք՝ նախկին փոխմարզպետ Արա Մելիքջանյանը և առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանը, անհասկանալի պատճառներով հեռացան պաշտոններից, և այսօր որևէ առնչություն չկա իշխանությունների հետ, որպեսզի իրենց հավատացած ժողովուրդը այսօր իրենցից էլ պահանջի:

Կարծում եմ՝ Մարալիկի ծննդատունն ունի կենսական նշանակություն տարածաշրջանի համար և համաչափ զարգացման տեսանկյունից ոչ միայն պետք է պահպանվի, այլ նաև համալրվի լավագույն կադրերով:
Ի դեպ, լրատվականներից մեկին Շիրակի մարզպետը ասել է, թե երկու տարի առաջ է քննարկվել Մարալիկի ծննդատունը փակել: Եղբա՜յր ջան, նմանատիպ որոշումների պատճառով նախկին իշխանությունները հեռացան՝ քեզ ու քո նմաններին թողնելով երկրի կառավարումն ու որոշումների ընդունումը: Եթե պետք է նույնը լիներ, թող մնային, անեին, դուք ինչո՞ւ կաք, ձեր գործի անունն ի՞նչ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել