Ռուսաստանցի երգչուհի Աննա Շուրոչկինան, որը հանդես է գալիս Նյուշա կեղծանունով, «Խոդյատ սլուխի» շոուի ընթացքում պատմել է մանկապիղծ պրոդյուսերի կողմից ոտնձգությունների մասին: Հարցազրույցի ձայնագրությունը տեղադրվել է հաղորդման YouTube-ալիքում:

Երգչուհին հիշել է, որ 12-13 տարեկան հասակում նա հոր հետ գնացել է քասթինգի: Հանդիպման ընթացքում պրոդյուսերը նրա հորը խնդրել է իրենց մենակ թողնել՝ պատճառաբանելով, որ պետք է հասկանա, թե ինչպես է աղջիկն իրեն պահում առանց մեծերի: «Մենք խոսում էինք, երբ ինչ-որ պահի նա ասաց, որ ես պետք է հանվեմ: Ես նման բաների մասին լսել էի, որ քասթինգի ժամանակ առաջարկում են լողազգեստով ներկայանալ, որպեսզի կարողանան  գնահատել ֆիզիկական վիճակը, պետք է սպորտով զբաղվել, նիհարել: Բայց նա խնդրեց ամբողջովին մերկանալ»,- կիսվել է երգչուհին:

Նյուշայի խոսքերով, պրոդյուսերը վստահեցրել է, որ աղջիկը կարող է իրեն վստահել: Նա հավելել է, որ իրեն պետք է վերաբերվել ինչպես բժշկի և չպետք է ամաչել: Երգչուհին խոստովանել է, որ երկար ժամանակ չի կարողացել որևէ մեկին պատմել այդ մասին: «Սա լուրջ հոգեբանական խնդիրներ էր առաջացրել, որոնք, բարեբախտաբար, ես կարողացա ինքնուրույն հաղթահարել»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել