Զարմանալ կարելի է․ պետությունը տեղյակ էր, որ մեծ թվով մեքենաներ են մտնելու Հայաստան, նրանց զգալի մասը վերավաճառվելու է՝ հայտնվելով հիմնականում Ռուսաստանում ու Ղազախստանում: Երեկ կարդում եմ, որ համապատասխան ծառայությունների մոտ վերջացել է տեխանձնագրի հումք հանդիսացող պլաստմասայի հումքը, չկա նաև պետհամարանիշ պատրաստելու հումք: Սա՝ դեռ մի կողմ, երկրի ներսում խնդիր չկա, ամենավատն այն է, որ ըստ մամուլի, Ռուսաստանի սահմանում հետ են ուղարկում ու պատճառաբանում, որ տեխանձնագրի փոխարեն տրված թղթի կտորներն առ ոչինչ են:

Տղեք ջան, եթե մինչև դեկտեմբերի 30-ը պարտքով ԱՄՆ-ից խփած մեքենա բերած մարդիկ իրենց ապրանքը չսպառեցին, մեծ բոլոլա է լինելու, ու երևի թե բոլոլան կսկսվի հենց կառավարության մուտքի դիմացից, կպահանջեն, որ մի բան անեք, իրենց մեքենաները վաճառվեն, նույնիսկ կարող են պետությանը մեղադրել իր պարտականությունները կատարելիս թերանալու մեջ: Խելք խելքի տվեք ու երկրում կուտակված մեքենաների վաճառքի հարցը օգնեք, որ լուծվի, սա մնալու է մարդկանց վզին՝ որպես խոշոր բեռ:

Հիմա կասեք՝ պետությունն ի՞նչ անի։ Հա, օրենքի տառին համապատասխան՝ այդպես է, բայց օրենքի տառը եթե չի համապատասխանում հասարակության բնականոն ու համերաշխ գոյակցությանը, ապա տառը պետք է փոխվի: Կա՛մ զգուշացնեիք, որ մեքենաները չեն կարողանալու վաճառեն՝ արտահանելով ԵԱՏՄ-ի տարածք, կա՛մ թող լուրջ տնտեսագետներ ասեին, որ հունվարից հետո գները կտրուկ չեն բարձրանալու: Մարդիկ մտել են վարկերի տակ, ու հազարներով մեքենա է մտնում երկիր: Կարևոր են տոնածառը, երգը, համերգը, բայց նման հարցերը լուծելուց հետո միայն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել