Կառավարությունն այսօր ընդունեց որոշում, որով Ամանորի գլխավոր միջոցառումների անցկացման պարտավորությունը դրվեց Երեւանի քաղաքապետարանի վրա:

Ավելի վաղ գործադիրը որոշում էր կայացրել, ըստ որի՝ մշակութային միջոցառումներ իրականացնող կազմակերպություններն ու գերատեսչությունները կարող են գնումները կատարել մեկ անձից՝ ելնելով գնման առանձնահատկությունից: Ավելի քան մեկ ամիս շարունակ Երեւանի քաղաքապետարանի հետ կայացած քննարկումների արդյունքում, այսօր կառավարությունը որոշեց ավելացնել Երեւանում կայանալիք տոնական միջոցառումների ծավալը:

Ըստ այդմ՝ սկսած դեկտեմբերի 21-ից՝ երկրի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունից, 16 օր շարունակ միջոցառումների շարք է նախատեսվում մայրաքաղաքում. մասնավորապես՝ Հանրապետության հրապարակի շատրվանների տարածքում կառուցվելու է հեքիաթային քաղաք, Երեւանի 2750-ամյակի պուրակում գործելու է Սուրբծննդյան տոնավաճառ (Christmas Market), հրապարակում տեղադրվելու է վերգետնյա անցում՝ կամրջակներով, որոնք միացնելու են հրապարակի եզրային «ափերը» կենտրոնական օղակի եւ այնտեղ տեղադրված գլխավոր տոնածառի հետ, Հյուսիսային պողոտայում տեղադրվելու է կրեատիվ տոնածառերի ցուցադրություն եւ այլն:

Իսկ գլխավոր իրադարձությունը կլինի Նոր տարվա գիշերվա ընթացքում. ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հանրապետության հրապարակում ելույթ կունենա աշխարհահռչակ Գորան Բրեգովիչը՝ իր նվագախմբով:

Գիտեմ, որ հարկատուներին (իսկ լրագրող գործընկերներիս՝ առաջին հերթին) հետաքրքրում է տոնական միջոցառումներին ծախսվելիք գումարի չափը: Ըստ կառավարության որոշման՝ նախատեսվել է 271,797 հազար դրամ, որը գումարվելու է Երեւանի բյուջեով հատկացված շուրջ 54 միլիոնին: Միջոցառումները կազմակերպելու է չորս ընկերություն, որոնցից երեքը Կառավարության, Երեւանի քաղաքապետարանի եւ ԿԳՄՍ համատեղ քննարկումների արդյունքում հետեւյալն են. «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ եւ «Սթեյջ Սթայլ» ՍՊԸ եւ «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ: Չորրորդ ընկերությանը կընտրի Երեւանի քաղաքապետարանը:

1-ին լուսանկարում Հանրապետության հրապարակի ձեւավորման էսքիզն է, ամբողջական պրեզենտացիան կներկայացնենք մոտ օրերս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել