Եվ ուրեմն․

1. Գագիկ Հարությունյանը հայտարարում է, որ ՈՉ ՄԵԿ իրեն չի ստիպել վաղաժամ հրաժարական տալ ՍԴ նախագահի պաշտոնից: Որոշումը կայացրել է ինքը, քանի որ նպատակահարմար չի համարել լինել և՛ ԲԴԽ խորհրդի անդամ, և՛ ՍԴ նախագահ:

2. ՍԴ աշխատակազմի այն ժամանակվա ղեկավար Առուշան Հակոբյանն իր ցուցմունքում նշել է, որ ՍԴ-ն Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը ԱԺ է ուղարկել մարտի 2-ին, առձեռն:

3. ԱԺ ընդհանուր բաժնի այն ժամանակվա ղեկավարը պնդում է, որ Արսեն Բաբայանն իրեն որևէ հրահանգ չի տվել ՍԴ-ից ստացված գրության կապակցությամբ:

4. ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը հայտարարում է, որ գործել է բացառապես օրենքի և Սահմանադրության շրջանակում, ինչի վկայությունն է էն, որ ՍԴ-ից ստացած գրության նույն օրը հայտարարություն է արել, որը մինչ օրս պահպանված է ՍԴ կայքում:

5. Արսեն Բաբայանին մեղադրում են ՍԴ-ից ստացված գրության՝ ԱԺ մուտքի ժամկետը կեղծելու մեջ: Իբր թե ԱԺ-ն մարտի 5-ին է ստացել գրությունը, բայց մուտք է արել հետին թվով՝ մարտի 2-ին: ՄԻՆՉԴԵՌ, ըստ ՍԴ աշխատակազմի ղեկավարի ցուցմունքի, ՍԴ-ն հենց մարտի 2-ին է էդ գրությունն ուղարկել ԱԺ:

Եվ ոչ մեկ չի կարողանում բացատրել, թե ինչի՞ էր պետք կեղծել էդ գրության՝ ԱԺ մուտք գործելու ժամկետը, երբ դա որևէ կերպ չի ազդել ո՛չ Գագիկ Հարությունյանի հրաժարականի, ո՛չ Հրայր Թովմասյանի առաջադրման և ոչ էլ ընտրության վրա: Հրայր Թովմասյանին ԱԺ նախագահը ՍԴ նախագահի պաշտոնում է առաջադրել մարտի 13-ին:

Հարց՝ ի՞նչ հանցանք ա գործել Արսեն Բաբայանը: Պատասխան՝ ոչ մի:

Հարց՝ տեսականորեն ինչի՞ համար պիտի նման հանցանք գործեր Արսեն Բաբայանը: Պատասխան՝ ոչ մի բանի համար:

Մինչդեռ Արսեն Բաբայանն արդեն երրորդ օրն է՝ ապօրինի կերպով զրկված է ազատությունից, քանի որ նրա ձերբակալությունը կատարվել է համաներման տակ ընկած հոդվածով: Իսկ երեկ դատական նիստ չի կայացել դատարան-ՀՔԾ հանցավոր համագործակցության պատճառով:

Արսեն Բաբայանի դեմ հարուցված քրեական գործն ու շինծու մեղադրանքը իրավագիտության դասագրքերում ներառվելու են որպես պարտադիր օրինակ՝ «ինչպիսին չպիտի լինեն արդարադատությունն ու իրավական համակարգը» վերնագրով: Եվ կատարվածի մեղավորները՝ ՀՔԾ պետից մինչև դատավոր, պատասխան են տալու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել