Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման ազդեցությունը մեղմացնելու տեսանկյունից հատկապես կարևոր է իրանական կողմի հետ խոշոր տարածաշրջանային ծրագրերի իրականացումը։ Իսկ երբ նման ծրագրեր չկան, առիթից փորձում է օգտվել Ադրբեջանը՝ փորձելով ֆինանսավորել տարածաշրջանի երկրներն ընդգրկող այնպիսի խոշոր ենթակառուցվածքային նախագծեր, որ Հայաստանի շրջափակումն ավելի խորանա, և դա իր ձեռքին գործիք դառնա Արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցություններում։

Իրանի նախագահի՝ Հասան Ռոհանիի այցը Հայաստան շատ լավ առիթ է իրանական կողմի հետ համագործակցությանը նոր թափ հաղորդելու համար, քանի որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո հայ-իրանական հարաբերությունները դինամիկան շարժվում է իներցիայի ուժով, և դրանցում չկա նոր բովանդակություն։

Սակայն վարչապետ Փաշինյանի և նախագահ Ռոհանիի հանդիպումից չենք կարող եզրակացնել, թե հայ-իրանական հարաբերություններում լուրջ տեղաշարժ է նախատեսվում, քանի որ հանդիպման շրջանակներում կենտրոնական հարցը եղել է «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ծավալները ընդլայնելը։ Եթե մի ժամանակ խոսվում էր Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման մասին, և գոնե փորձ էր կատարվում չինական կողմից ստանալու ֆինանսավորում Նոր մետաքսի ճանապարհի կառուցման նախագծի շրջանակներում, ապա ներկայումս սա և այլ ծրագրեր լրիվ մոռացության են մատնվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել