Վարչապետի ընտրովի վերաբերմունքը և քայլերը պարզապես ապշեցնում են... Նախ՝ Արցախում կայանալիք ընտրություններին հետևելու համար մեծ գումար է հատկացվում երկու ՀԿ-ների, երկուսն էլ, մեղմ ասած, նույն գծի կրող։ Բազմիցս է շահարկվել այդ կազմակերպությունների ուղղորդվածության փաստը, բայց սա չխանգարեց վարչապետին հենց այս երկուսին ֆինանսավորել՝ չունենալով դեռ Արցախի կողմից դիտորդության հրավեր։

Հիմա էլ վարչապետը հանդիպել է «Սասնա ծռերի» հետ։ Այո՛, հենց այն ծռերի, ճիշտ հասկացաք։ Եվ ի՞նչ պետք է քննարկեր վարչապետն այս խմբավորման ներկայացուցիչների հետ, քանի դեռ գոնե չի ավարտվել դատավարությունը։ Խնդրում եմ, ինձ մի համոզեք, թե ՊՊԾ-ի վրա հարձակում գործած, երեք կյանք խլած, պատանդ պահած, այդ թվում՝ և բուժաշխատողների, այդ թվում՝ և կնոջ, բանկոմատ թալանած խմբավորումը նույնը չէ, ինչ «Սասնա ծռեր» կուսակցությունը։ Գոնե ինձ համար նույնն է։

Անգամ չեմ էլ ուզում վերլուծել, թե ինչ հրատապ խնդիր էր դրված, որ վարչապետը հանդիպել է մի խմբի հետ։ Համադրելու և վերլուծելու պարզ ունակությունը թույլ է տալիս հասկանալ, թե ինչ պետք է քննարկեր վարչապետը այն մարդկանց հետ, ովքեր մեկ ամիս առաջ նույն վարչապետին ուղղված իրենց պահանջներում հստակ ձևակերպել էին. «Արցախն առնվազն այսօրվա սահմաններով լինի Երևանի լիակատար կառավարման տակ»։

Սիրելիներս, հասկանում եք, չէ՞, սա ուր է տանում մեզ, մեզ բոլորիս, հասկանում եք, չէ՞, թե ինչ հետևանքներ կարող ենք ունենալ։

Արդյո՞ք Ազգային անվտանգությունը հավանություն էր տվել այս հանդիպմանը։

Արդյո՞ք ԱԳՆ հաշվարկել էր բանակցային գործընթացի վրա սրա հնարավոր ազդեցության աստիճանը։

Մեկ բան է մնում՝ ուժեղացնել մեր բանակը։

Եկել է սթափվելու ժամանակը, սիրելիներս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել